ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը կապել քաղաքացու՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվելու ժամկետի հետ։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացին պետք է քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում այդ պահանջը պետք է հաշվարկվի քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվա դրությամբ։
Նախագծով նախատեսվում են նաև բացառություններ։ Պահանջը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ քաղաքացու բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բուհում ուսումնառության հանգամանքով։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Նա նշել է, որ փաթեթը հեղինակել են ինքը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արուսյակ Մանավազյանը։
Ղազարյանի խոսքով՝ նախագծի նպատակն է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու հարցում կարևորել քաղաքացիության միջոցով պետության հետ անձի կապի ոչ միայն ձևական, այլև բովանդակային կողմը։ Նա նաև հայտնել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են, և նախագիծը լրամշակվել է։
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը նշել է, որ արտերկրում ապրող քաղաքացիները կարող են էապես տարբերվող պատկերացումներ ունենալ Հայաստանում քաղաքական իրավիճակի և ներքին զարգացումների վերաբերյալ։ Նա նաև առաջարկել է բացառությունների ցանկում ներառել առողջապահական նպատակով արտերկրում գտնվելու հանգամանքը։
Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Հայաստանի քաղաքական կյանքը տարածվում է ՀՀ տարածքում, ուստի կարևոր է, որ ընտրելու իրավունք ունենան անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական կյանքին ու կարող են ընտրություն կատարելուց հետո նաև օգտագործել վերահսկողական բոլոր գործիքներն ու հետևել ընտրության արդյունքներին»,- ասել է նախարարը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագծին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով հետ կանչել նախագիծը։



















