Բրիտանացի պատգամավորները կոչ են անում դադարեցնել «Մաշան և արջը»՝ համարելով ռուսական «փափուկ ուժ»

Բրիտանիայի տարբեր կուսակցություններ ներկայացնող ավելի քան 50 պատգամավորներ դիմել են երկրի մշակույթի նախարար Լիզա Նանդիին՝ կոչ անելով ուսումնասիրել, թե հնարավոր է արդյոք դադարեցնել ռուսական «Մաշան և արջը» մանկական մուլտֆիլմի ցուցադրությունը Միացյալ Թագավորությունում։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Պատգամավորները պնդում են, որ մուլտֆիլմը ռուսական քարոզչության «սիրուն» ձև է և կարող է դիտարկվել որպես ռուսական «փափուկ ուժի» գործիք։ Նամակում նշվում է, որ Մաշայի որոշ արարքներ ներկայացնում են «քարոզչական բովանդակություն», որը, ըստ պատգամավորների, «ամենևին էլ նուրբ չէ»։

Նրանք, մասնավորապես, մատնանշում են դրվագներ, որտեղ Մաշան պատկերված է տանկիստի գլխարկով և խորհրդային ժամանակաշրջանի համազգեստով, ինչպես նաև կրում է խորհրդային սահմանապահի գլխարկ, որը, պատգամավորների խոսքով, պատմականորեն կապված է ՆԿՎԴ-ի՝ Խորհրդային Միության գաղտնի ոստիկանության հետ։

Պատգամավորների գնահատմամբ՝ նման պատկերները փոքր երեխաների միջազգային լսարանի համար «ակտիվորեն նորմալացնում են խորհրդային ռազմական խորհրդանիշները»։

The Guardian-ը հիշեցնում է, որ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հիմնված է ռուսական ավանդական բանավոր հեքիաթի վրա և YouTube-ի ամենահայտնի մանկական նախագծերից է։ Մուլտֆիլմի «Recipe for Disaster» յոթրոպեանոց դրվագը դիտվել է ավելի քան 4.6 միլիարդ անգամ։

Մուլտֆիլմի դեմ քննադատություններ ավելի վաղ հնչել էին նաև Ուկրաինայում և Էստոնիայում։ Ուկրաինայի՝ կառավարության աջակցությունը վայելող Ապատեղեկատվության հակազդման կենտրոնը այն անվանել էր «ոչ միայն մուլտֆիլմ, այլ ռուսական փափուկ ուժի գործիք»։

Մուլտֆիլմը արտադրող Animaccord ընկերությունը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ այն մասնավոր ընկերություն է, պետական ֆինանսավորում չի ստացել, իսկ մուլտֆիլմը քաղաքական ուղերձներ չի պարունակում։