«Բառի կեսը կար, կեսը՝ չկար». տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը կրթական տարին բրայլյան նոր դասագրքերով է դիմավորել

«Բառի կեսը կար, կեսը՝ չկար». տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը կրթական տարին բրայլյան նոր դասագրքերով է դիմավորել
«Բառի կեսը կար, կեսը՝ չկար». տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը կրթական տարին բրայլյան նոր դասագրքերով է դիմավորել

Տեսողության խնդիր ունեցող 7-ամյա Արսենը սեպտեմբերի մեկը դիմավորում է նոր բրայլյան դասագրքով, մատները սահեցնելով գրքի սպիտակ էջի վրայով եւ սահուն արտասանելով տառերը. «Մ, Ա, Պ, Տ, Կ, Ն»:
«Մայրենին, մաթեմը շատ եմ սիրում, գնալու եմ նաեւ վոկալի ու դաշնամուրի: Հին դասագրքերով չէի կարում կարդալ, իսկ բրայլայնով լավ ա, հեշտ եմ կարդում»,-ասում է այս տարի 2-րդ դասարան տեղափոխված Արսենը:
Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթահամալիում ուսումնական նոր տարվա մեկնարկը ավելի տոնական են դարձնում տպարանից նոր դուրս եկած բրայլյան դասագրքերը:
Բաց հասարակության հիմնադրամներ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Բրայլյան դասագրքերի տպագրություն» ծրագրի շնորհիվ այբբենարանի, ինչպես նաեւ մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսաց լեզու, անգլերեն, կենսաբանություն, քիմիա առարկաների համար 170 բրայլյան դասագիրք է տրամադրվել դպրոցին:

Սպիտակ թղթից կազմված գրքի էջերին ուռուցիկ կետերով պատկերված են տառեր, թվեր, նախադասություններ, մաթեմատիկական խնդիրներ ու բանաձեւեր:

«Խորհրդային տարիներին տպագրված դասագրքերն արդեն մաշվել էին: Դրանք ուռուցիկներ են, որոնք երեխան շոշափելով կարդում է եւ այդ ուռուցիկները երկար տարիներ կարդալու ժամանակ նստում են: Երեխաները դժվարանում էին կարդալ մաշված գրքերով, բառի կեսը կար, կեսը չկար, նախադասության միտքը չէր ընկալվում»,- ասում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը՝ ընդգծելով, որ դասագրքեր ստանալը շատ կարեւոր է մայրաքաղաքից ու տարբեր մարզերից գրեթե 100 աշակերտ ունեցող դպրոցի համար:

Կրթահամալիրը, որ իր տեսակով միակն է Հայաստանում, այս տարի ունի 7 առաջին դասարանցի:

«Մենք առաջ գրքերը փոխարինել էինք խոսող դասագրքերի, բայց այդպես հնարավոր է միայն հումանիտար առարկաները դասավանդել, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, երկրաչափության, մաթեմատիկայի ուսուցումը խոսող գրքերով լիաժեք չի, նրանք պետք է կարդան, որ հասկանան բանաձեւերը: Բացի այդ, ամեն տարի դպրոցական ծրագրերը փոփոխվում էին եւ հասցնել տպագրել ամեն տարի նոր բրայլյան դասագիրք, շատ թանկ հաճույք էր, դպրոցի բյուջեն բավարար չէր, իսկ պետությունն էլ չէր տալիս»,- հավելում է Ահարոնյանը:

Կրթության եւ Գիտության նախարարությունը ընդամենը կարողանում է կարգավորել բրայլյան տետրերի տրամադրման հարցը եւ վերջին երեք տարում դպրոցի համար 2000-ական տետր է տպագրվում:

Բաց հասարակության հիմնադրամներ հայաստանյան գրասենյակi ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի տեղեկացմամբ՝ գրքերի տպագրության դրամաշնորհը 9,5 մլն դրամ է կազմել.

«Կարիքը շատ մեծ էր այս գքերի տպագրության, որովհետեւ առաջինը՝ թարմացված չէին նոր ծրագրին համապատասախան, երկրորդը՝ շատ հին էին, որովհետեւ այս գրքերի կյանքը այդքան երկար չէ, ինչպես սովորական դասագրքերինը, եւ ամենակարեւոր խնդիրը՝ դասագրքերի տպագրությունը տեսողության խնդիր ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու ու իրավունքի ապահովման հարցն է»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am