Երևանի քաղաքապետարանը պարբերաբար կհրապարակի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներն ու կներկայացնի մայրաքաղաքում իրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերը։ Այդ մասին գործակարգավարական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է, իսկ խնդրի լուծման առանցքում հանրային տրանսպորտի առաջնահերթության ապահովումն է։
«Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն իրականացվող փոփոխությունների և խցանումների նվազեցմանն ուղղված ծրագրերի մասին»,– ասել է Ավինյանը։
Նա նշել է, որ նախատեսվում է ներդնել արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցներ, ընդլայնել հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը և կատարել փոփոխություններ առանձին խաչմերուկներում։
Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության հնարավոր սահմանափակումները կքննարկվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացիների համար ապահովվեն արդյունավետ այլընտրանքներ։
«Եթե որևէ նոր սահմանափակում պետք է կիրառվի, ապա նախ պետք է ապահովել, որ հանրային տրանսպորտն ավելի արագ և արդյունավետ լինի, քան սեփական մեքենայով տեղաշարժը»,– նշել է Ավինյանը։



















