Իրանը սպառնալիքների պայմաններում հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանցիները չեն վախենում սպառնալիքներից, իսկ դրանց շարունակման դեպքում ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ պատվելու մեծն այաթոլլա Խամենեիի և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն վախենա որևէ սպառնալիքից», – գրել է Արաղչին։

Նա հավելել է, որ «Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ շարունակվում են սպառնալիքները»։

«Հարգեք ձեր ստորագրությունը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնին և Թեհրանին չհաջողվի հասնել դիվանագիտական համաձայնության, ԱՄՆ-ն պատրաստ է շատ կարճ ժամանակում ոչնչացնել Իրանի կարևոր ենթակառուցվածքները։

«Մենք այսպես թե այնպես հաղթելու ենք։ Մենք համաձայնագիր կկնքենք կամ գործն ավարտին կհասցնենք։ Իսկ գործն ավարտին հասցնելը բարդ չի լինի։ Ես կնախընտրեի գործարք կնքել, որովհետև չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու վրա։ Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները, խափանել էներգամատակարարումը և ոչնչացնել էլեկտրաէներգիա արտադրող կայանները։ Նրանք դա գիտեն», – ասել էր Թրամփը։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել էր Fox News-ը։