Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ներառված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և շարունակում է մնալ կառավարության քաղաքական պարտավորություններից մեկը։
«Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է։ Այնտեղ արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Այլ հարց է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ Սահմանադրության փոփոխությունն իրականացվի մեզ հայտնի ընթացակարգով։ Բայց այդ օրակարգը կա, դա մեր նախընտրական պարտավորությունն է, և մենք պետք է դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»,- ասել է Փաշինյանը։
«Որոշեցինք առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններից հետո, որպեսզի հնարավոր լինի դրանք հանգիստ քննարկել։ Առաջարկները քննարկվել են, մնացել է մեկ առաջարկ, որի քննարկումից հետո տեքստը կհրապարակենք։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև տարվա վերջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։



















