Գերմանիայում քննարկվում են երեխաներին և դեռահասներին սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունից պաշտպանելու նոր միջոցներ։ Առաջարկների թվում են մինչև 13 տարեկան երեխաների համար սոցցանցերի սահմանափակումը, օգտատերերի տարիքի պարտադիր ստուգումը և դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Գերմանիայում 15 տարեկան դեռահասները համակարգիչների և սմարթֆոնների էկրանների առջև անցկացնում են շաբաթական միջինը 48 ժամ՝ օրական շուրջ յոթ ժամ։ DAK բժշկական ապահովագրական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ շուրջ 1,5 միլիոն երիտասարդի համար սոցցանցերի օգտագործումն արդեն խնդիր է դարձել, իսկ մոտ 350 հազար դեռահաս համարվում է թվային կախվածություն ունեցող։
«Երեխաների և երիտասարդների պաշտպանությունը թվային աշխարհում» անկախ փորձագիտական հանձնաժողովը ներկայացրել է 56 առաջարկ։ Դրանց համաձայն՝ սոցցանցերը պետք է անչափահասների հաշիվների համար լռելյայն ապահով կարգավորումներ կիրառեն, առաջարկեն տարիքին համապատասխան բովանդակություն և պարզեցնեն վնասակար հրապարակումների մասին հաղորդելու հնարավորությունը։
Հանձնաժողովն առաջարկում է նաև մինչև յոթերորդ դասարանը՝ մոտավորապես 12-13 տարեկանը, ամբողջ Գերմանիայի դպրոցներում արգելել բջջային հեռախոսների օգտագործումը։ Կրթության դաշնային նախարար Կարին Պրինը ճիշտ մոտեցում է համարում մինչև 13 տարեկան երեխաների համար սոցցանցերից ինքնուրույն օգտվելու օրենսդրական սահմանափակումը։ Նա առաջարկում է նաև ներդնել տարիքի արդյունավետ ստուգման համակարգ և մինչև 18 տարեկանների համար սահմանել պաշտպանության տարբեր մակարդակներ։
Մասնագետները միաժամանակ ընդգծում են, որ միայն արգելքները բավարար չեն։ Անհրաժեշտ է, որ ծնողները հստակ կանոններ սահմանեն, երեխաների հետ քննարկեն առցանց վտանգները և փորձեն հասկանալ, թե ինչու է երեխան երկար ժամանակ անցկացնում վիրտուալ աշխարհում։
Մասնագետների խոսքով՝ դեռահասների շրջանում ավելանում են նաև առցանց խաղերից, պոռնոգրաֆիկ բովանդակությունից և անվերահսկելի գնումներից կախվածության դեպքերը։ Նշվում է, որ որոշ 17 տարեկաններ առցանց հարթակներում կատարած ծախսերի հետևանքով արդեն մինչև 10 հազար եվրոյի պարտքեր ունեն։



















