Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի

Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի
Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերին:

Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանությունը բացարձակ առաջնահերթություն է: Ներկայացվող նախագծերի փաթեթը կոչված է ապահովելու դատավորների բարեվարքության գնահատման համար արդյունավետ և համալիր իրավական հիմքեր: Ըստ այդմ՝ բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջադրված նպատակի իրագործման համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք: Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Այսպես, դատավորի վարքագծի կանոններից հանվել են այն կանոնները, որոնք բնույթով ոչ թե կարգապահական, այլ էթիկայի կանոններ են, որոնց համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կամ արդարացված չէ կամ հնարավոր չէ՝ նորմի անորոշ, չափազանց լայն ձևակերպման պատճառով: Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ:

Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը: Կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանց վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ և հույս հայտնել, որ բարձրացված բոլոր տարատեսակ և տարաբնույթ հարցերը հարթվել են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: