Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Բելգորոդի իշխանությունները հայտնել են 6 զոհի և 4 վիրավորի մասին։ Եվս 1 մարդ զոհվել է Բրյանսկի մարզում։

Օգոստոսի 16-ին Ռուսաստանը հայտնել էր այս տարի Ուկրաինայի իրականացրած ամենազանգվածային հարձակման մասին․ երկրի տարածքում խոցվել էր 822 ուկրաինական ԱԹՍ։ Ռոստովի մարզում զոհվել էր 5 մարդ, Մոսկվայի մարզում՝ 1։ Մերձմոսկովյան Պոդոլսկում հրդեհ էր բռնկվել Wildberries-ի պահեստում։

Մինչ այդ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների, ամենազանգվածային հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին, երբ Ռուսաստանը հայտնել էր 660 ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին։

Իր հերթին՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 128 ԱԹՍ, որոնցից 106-ը խոցվել են։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ Խերսոնի մարզում 2 մարդ է զոհվել։

Օդեսայի մարզում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը, հրդեհներ են բռնկվել։ Տոգոյի Հանրապետության դրոշով նավարկող քաղաքացիական նավը վնասվել է, 4 մարդ վիրավորվել է։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսային հարվածը, ինչպես նաև հայտնել Իզմայիլի նավահանգստին հարվածելու մասին։

Ռուսական ուժերի հարվածների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում Զապորոժիեում առնվազն 2 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ մեկ օրում ռուսական կողմը 1217 հարված է հասցրել Զապորոժիեի մարզի 60 բնակավայրերին։

Սումիի մարզում ևս վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։ Արձանագրվել են նաև ավերածություններ։