Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության համաձայնագիր են ստորագրել


Սեպտեմբերի 22-ին Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի միջև։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Համաձայնագիրը ստորագրել են Երևանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը։

Փաստաթղթով նախատեսվում է զարգացնել երկու թատրոնների երկարաժամկետ համագործակցությունը՝ մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ մշակութային ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ստեղծագործական կապերի ընդլայնման ուղղությամբ։

Կողմերը նախատեսում են կազմակերպել երկկողմ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, աջակցել միմյանց նախաձեռնած միջոցառումներին և տարբեր նախագծերում ներգրավել գործընկեր թատրոնի ներկայացուցիչներին։

Համագործակցությունը, ըստ կողմերի, պետք է նպաստի նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային կապերի զարգացմանը։