ԱՄՆ խոշոր հեռուստաընկերությունները բոյկոտել են Թրամփի Սպիտակ տան հեռուստատեսային լուսաբանումը՝ CNN-ի արգելքից հետո

ԱՄՆ խոշոր հեռուստաընկերությունները՝ ABC-ն, CBS-ը, NBC-ն և Fox News-ը, ժամանակավորապես հրաժարվել են մասնակցել նախագահ Դոնալդ Թրամփի միջոցառումների Սպիտակ տան համատեղ հեռուստատեսային լուսաբանմանը՝ ի նշան համերաշխության CNN-ի հետ։

Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ քայլը հաջորդել է այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը CNN-ին, ինչպես նաև MS NOW-ին և Politico-ին, արգելել է մուտքը Սպիտակ տուն։

Սպիտակ տան հեռուստատեսային pool համակարգում խոշոր ցանցերը հերթով են նկարահանում նախագահի միջոցառումները և տեսանյութը փոխանցում մյուս լրատվամիջոցներին։ Երբ CNN-ի հերթն էր իրականացնել այդ աշխատանքը, Սպիտակ տունը թույլ չէր տվել նրա լրագրողներին մուտք գործել։ Մյուս հեռուստաընկերությունները հրաժարվել են CNN-ին փոխարինելուց՝ փաստացի դադարեցնելով սովորական համատեղ հեռուստատեսային լուսաբանումը։

Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ CNN-ը, MS NOW-ը և Politico-ն այլևս չեն կարող աշխատել Սպիտակ տան տարածքում՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Երեք լրատվամիջոցները դիմել են դատարան՝ պնդելով, որ որոշումը խախտում է մամուլի ազատությունը։

Սեպտեմբերի 22-ին, երբ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Սպիտակ տնից արգելված CNN-ը, MS NOW-ը և Politico-ն կարողացել են շարունակել նրա այցի լուսաբանումը՝ օգտվելով ՄԱԿ-ի տրամադրած առանձին հավատարմագրերից։ Սպիտակ տան սահմանափակումը ՄԱԿ-ի տարածքում չի գործում։ CNN-ը, սակայն, Թրամփի ելույթը ուղիղ եթերում չի հեռարձակել: