Եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ողջ զինանոցը՝ ներառյալ միջուկային զենքը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Անպատասխանատու և անհեռատես եվրոպական քաղաքական վերնախավը վտանգավոր խաղ է խաղում։ Ինչպես վերջերս հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, եթե Արևմուտքը հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք, և դա կլինի բոլորովին այլ պատերազմ՝ շատ կարճատև», – ասվում է հաղորդագրությունում։
Դեսպանատանը հայտարարել են, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն մեծացնում են ռազմական ակտիվությունը Ռուսաստանի ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով։ Դաշինքի անդամները շարունակաբար զորավարժություններ են անցկացնում և միանում «առաջավոր զսպման» նախաձեռնություններին, որոնք, ըստ դեսպանատան, նախատեսում են ֆրանսիական միջուկային զենքի տեղակայում Ռուսաստանի սահմանների մոտ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև նշել է, որ տեղեկություններ են ստացվել Կալինինգրադի մարզի օդային և ծովային շրջափակման հնարավոր նախապատրաստման վերաբերյալ։
«Նման սցենարի դեպքում զինված բախման վտանգը մեծ է՝ հակամարտության արդեն վաղ փուլում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ կանխարգելիչ հարվածների հավանականությամբ», – հայտարարել են դեսպանատանը։
Միևնույն ժամանակ այնտեղ ընդգծել են, որ Ռուսաստանը «չունի Եվրոպայի հետ իրավիճակը սրելու որևէ ծրագիր, պատճառ կամ իրական շարժառիթ» և եվրոպական երկրներին կոչ են արել հարցին վերաբերվել առավելագույն լրջությամբ։



















