Գերմանիայի արտաքին հետախուզության՝ Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը կարող էր տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։
Պարբերականի տվյալներով՝ քննիչները ենթադրում են, որ պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը վերլուծական զեկույցներ է պատրաստել «օտարերկրյա հետախուզական ծառայության անվտանգության կառույցի աշխատակցի» համար։ Der Spiegel-ի տեղեկություններով՝ խոսքը կարող է վերաբերել Ադրբեջանի հետախուզության աշխատակցի։
Պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ աշխատելով որպես խորհրդատու և լոբբիստ։ Նա նաև եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ։
Հաննինգը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Հետագայում նրա անունը հայտնվել է մի շարք աղմկահարույց գործերի և դատական գործընթացների համատեքստում։
Ավելի վաղ Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտնել էր Հաննինգի ձերբակալության մասին՝ լրտեսության կասկածանքով։ Ըստ դատախազության՝ նա կասկածվում է, մասնավորապես, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա պետության օգտին գաղտնի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Հաննինգին կարող է սպառնալ վեց ամսից մինչև 10 տարվա ազատազրկում։



















