Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով արտահանման դադարը կարող է հայկական ապրանքները դուրս մղել ռուսական շուկայից․ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը 

– Պարո՛ն Առաքելյան, Ռուսաստանը շարունակում է սահմանափակումներ կիրառել Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների վրա ու իշխանություններին կրկին հիշեցնում, որ պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև: Հայաստանի իշխանությունն էլ շարունակում է վստահեցնել, թե ամեն բան կկարգավորեն, ու թե լուրջ խնդիր չկա: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ձեր գնահատականը ո՞րն է:

– Վերջին տարիներին հատկապես Հայաստանի տնտեսությունը ավելի խորն է ինտեգրվել Ռուսաստանի տնտեսությանը, մասնավորապես արտահանման ու ներմուծման բաժինը դեպի Ռուսաստան ու Ռուսաստանից Հայաստան ընդհանուր մեր արտահանման ու արտաքին առևտրի մասնաբաժնում տարեցտարի ավելանում է, հետևաբար հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում խնդիրները, որոնք պարբերաբար տեղի էին ունենում, իսկ վերջին շաբաթներին մի փոքր ավելի են սրվել, միանգամից անդրադառնում են տնտեսական վիճակի վրա: Մասնավորապես գյուղմթերքների արտահանման մասով, որ մեր տնտեսության կարևոր մաս է, արդեն էական խնդիրներ է առաջացնում, քանի որ դրանք սեզոնային բնույթ են կրում, իսկ նույնիսկ մեկ շաբաթվա կորուստը խնդիրներ է ստեղծելու: 

Եթե նայենք նաև այն, որ դրամի ամրապնդմամբ, այսինքն՝ փոխարժեքի մասով նույնպես արտահանողների համար ոչ շահեկան իրավիճակ է ստեղծվել, ապա կարելի է ասել, որ լուրջ խնդիրներ կան, ու մեր արտահանողները կարող են էական շուկաներ կորցնել:

Եթե մեկ ամիս արտահանում չի լինում, ապա բնական է, որ այդ տեղը դատարկ չի մնում, արդեն խոսակցություններ կան, որ Ռուսաստանը գյուղմթերքների մասով այլ երկրներից է փորձում բացը լրացնել, իսկ շուկաներ վերականգնելն այդքան հեշտ չէ, իսկ ովքեր կգրավեն հայկական ապրանքների տեղը, վստահ եմ, որ անելու են ամեն ինչ, որ ամրապնդեն իրենց դիրքերը, ու եթե անգամ մի քանի ամսից խնդիրը կարգավորվի, ապա մեր ապրանքները շատ դժվարությամբ են վերականգնելու իրենց տեղը Ռուսաստանում: 

Այս պահին առկա իրավիճակի մասով այսքանն են ռիսկերը, բայց երկարաժամկետ կտրվածքով ու այն խոսակցությունները, որ կան ի դեմս գազի գնի բարձրացման ու այլ ապրանքների մասով, արդեն շղթայական լուրջ խնդիր են առաջացնելու մեր ամբողջ տնտեսության համար: Մեր տնտեսության ճնշող մեծամասնությունը, բնական է, գազի ու էլեկտրաէներգիայի սպառող է, առավելևս՝ արտադրությունները, որոնք ի վերջո բերելու են երկու լուրջ խնդրի՝ ներքին գնաճ, ապրանքների թանկացում, որն արտահանման մասով էլի խնդիրներ է առաջացնելու մրցակցության հատվածում: 

– Ասացիք, որ վերջին տարիներին հատկապես մեր տնտեսությունն ավելի խոր ինտեգրում ունի ռուսական տնտեսության հետ, բայց մենք լսում ենք իշխանության կողմից, թե իրենք բալանսավորում են և՛ արտաքին, և՛ տնտեսական քաղաքականությունը: Ինչպե՞ս է ստացվում այդ դեպքում, որ Ռուսաստանի հետ ինտեգրումն ավելի է խորացել: 

– Խոսքերը մի բան են, իրականությունը՝ մեկ այլ: Առնվազն տնտեսական մասով որևէ բալանսավորված քաղաքականություն չենք տեսնում, կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները ահռելի ծավալների են հասել, այս պահին մեր գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ինչը չի նկատվում ԵՄ-ի ու այլ երկրների մասով: Ներդրումների մասով Ռուսաստանը շարունակում է մնալ թիվ մեկ ներդրողը Հայաստանում, ընդ որում՝ միակ երկիրն է, որ այսօր Հայաստանում մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրում ունի: 

Այս թվերն ինքնին խոսում են, որ տնտեսական բալանսավորված քաղաքականության մասին խոսակցություններն ուղղակի կեղծիք են: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, բնական է, որ արտաքին առևտրով պետք է ԵԱՏՄ անդամ երկրների հետ ակտիվանա, բայց մյուս կողմից՝ այն քաղաքականությունը, որ Նիկոլ Փաշինյանն իբր թե վարում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու համար, բացառապես քաղաքական ու խոսույթի հարթությունում են: Դեպի Արևմուտք արտաքին առևտրի որևէ էական փոփոխություն նկատելի չէ, ներդրումների մասով՝ առավելևս, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է Արևմուտք գնալու մասին, մյուս կողմից՝ խորացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ: 

– Պարո՛ն Առաքելյան, ի՞նչ պետք է անի օրվա իշխանությունը, որ երկարաժամկետ կտրվածքով այդ տնտեսական ռիսկերը կանխի:

– Պետք է հեռանա:

– Իսկ եթե վերընտրվո՞ւմ է:

– Չի կարող, այս իշխանության գոյությունը միայն վտանգ է բերում, ու այն քաղաքականությունը, որը վերջին տարիներին վարում է, ապացույցն է այն բանի, որ այս մարդիկ ունակ չեն որևէ մասով մարտահրավերներին դիմակայել, իրենց գոյությունը միայն խնդիրներ է ստեղծում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am