Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ցանկացած փորձ

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ցանկացած փորձ։

«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետություն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին և գործընկերներին», – հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը և ազդել երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու հարցում», — ընդգծել է ԵՄ խոսնակը։

Անցած շաբաթ Մոսկվան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատեց Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը և կոչ արեց հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել՝ հստակեցնելու երկրի ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Վերջին օրերին Ռուսաստանը նաև մի շարք սահմանափակումներ է կիրառել հայկական ապրանքների նկատմամբ՝ սահմանափակելով որոշ խմիչքների, ծաղիկների, մրգերի և բանջարեղենի ներմուծումը։