««30 տարի բանակ չենք ունեցել» ասողներն արդարացնում են Արցախի հանձնումը». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, Հայոց բանակի 31-ամյակի օրը կրկին ակտիվացան այն թեզերը, որոնք շուրջ երեք տարի է՝ շրջանառվում են, թե «մենք 30 տարի բանակ չենք ունեցել, թե բանակը կոռումպացված է եղել, թե բանակում բարեփոխումներ են սկսվել միայն գործող իշխանության օրոք» ու այս կարգի այլ հայտարարություններ։ Նախ՝ այս հայտարարությունների վերաբերյալ ձեր դիտարկումն եմ խնդրում, և կասեք՝ ի՞նչ բանակ ենք ունեցել մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը ու ի՞նչ բանակ ունենք դրանից հետո։

– Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե Հայաստանը բանակ չի ունեցել, նրանք են, ովքեր արդարացնում են 2018-ից հետո Հայաստանի տարածքային զիջումները, այդ թվում՝ Արցախի հանձնումը, և դրանք այն մարդիկ են, որոնք արդարացնում են ադրբեջանական հարձակումներն ու Հայաստանի ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան։

Շատ տհաճ է, երբ այդպիսի հայտարարությունները հնչում են Եռաբլուրում, որը սրբավայր է, որտեղ հանգչում են մեր այն նահատակները, որոնք կանգնած են և՛ զինված ուժերի կազմավորման, և՛ դրա կայացման ու հզորացման հիմքում։ Այդպիսի հայտարարություններն անարգանք են առաջին հերթին այդ մարդկանց ու նրանց ընտանիքների հասցեին։

Երկրորդ՝ եթե Հայաստան բանակ չունենար, ապա Ադրբեջանը ոչ թե հարձակում կգործեր 2020 թվականին, երբ Հայաստանում ձևավորվել էր իր համար բարենպաստ իշխանություն, այլ այդ հարձակումը տեղի կունենար 94-ից հետո յուրաքանչյուր տարի։

Հայաստանի զինված ուժերն ու Հայաստանի պետական կառավարման համակարգն է, որ տարիներ ի վեր, տասնամյակներով զսպել են Ադրբեջանի ախորժակը, հավակնություններն ու նկրտումները ու անհրաժեշտության դեպքում ծանր հարվածներ են հասցրել Ադրբեջանին: Դրանք եղել են և՛ դիվերսիոն պատերազմների, և՛ դիրքային դիմակայության ու հավելյալ մարտական գործողությունների տեսքով 2016-ին։

Ավելին ասեմ՝ Հայաստանի զինված ուժերը նույնիսկ 2020-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ էֆեկտիվ մարտ կմղեին, ու մենք այսպիսի իրավիճակ չէինք ունենա, եթե այդ բանակի կառավարման գլխին չլիներ այս քաղաքական իշխանությունը, որը 2018-ից սկսած հետևողականորեն գլխատել է զինված ուժերը, նրա բոլոր քայլերի հիմքում եղել է մարտունակության նվազումը, ու այսօր էլ ձեռնարկվող բոլոր քայլերը ոչ միայն չեն բերում զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, այլև՝ ընդհակառակը, ավելի են իջեցնում այն։

– Այսինքն՝ օրվա իշխանության ներկայացուցիչների պնդումները, որ ամեն բան արվում է բանակում բարեփոխումների համար, որ մենք ունենանք «չկոռումպացված» բանակ, չե՞ք ընդունում։

– Բոլոր այն մարդիկ, որոնք այսօր զինված ուժերում բարեփոխումներ կատարելու կամ որոշումներ կայացնելու հնարավորություն ունեն, անգամ նվազագույն գիտելիք չունեն զինված ուժերի մասին, դեռ չեմ խոսում այս իշխանության քաղաքական այն կուրսի մասին, որ իր զիջողականությունը ամեն գնով փորձում է արդարացնել զինված ուժերի ոչ մարտունակ լինելով։

Այս իշխանությունը, հակված լինելով անընդհատ զիջելու քաղաքականությանը, զինված ուժերը հասցրել է մի վիճակի, որպեսզի ինչ-որ բան զիջելը արդարացնի բանակի վիճակով։ 4,5 տարին հնարավորություն էր զինված ուժերը որոշակի մակարդակի հասցնելու համար, ու բոլոր պատճառաբանությունները, թե ժամանակ չեն ունեցել կամ անընդհատ դիմակայության մեջ են, որևէ կերպ չեն կարող արդարացում լինել։

Ինչ վերաբերում է բանակի կոռումպացվածությանը․ զինված ուժերի տարբեր փուլերում տարբեր քրեական գործերը ցույց են տալիս, որ եղել են անձինք, որոնք իրենց ծառայությամբ պատիվ չեն բերել ընդհանուր զինվորական ծառայությանը ու սպայական կազմին, շատերը քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Չի կարող լինել մեկը, որը կպնդի, թե տարբեր փուլերում կոռուպցիոն միջադեպեր չեն եղել, բայց դրանք հանգեցրել են քրեական գործերի հարուցման, այսինքն՝ խնդիրն այն է, թե կոռուպցիան ի՛նչ ծավալ է ունենում ու որքանո՛վ է ազդում բանակի մարտունակության վրա։

Այս տեսանկյունից այս իշխանությունը խոսելու տեղ չունի, որովհետև ինքն է իր նշանակած պաշտպանության նախարարին քրեական գործերում ներգրավել, նաև բարձրագույն սպայական կազմի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնց ինքն է պաշտոնների նշանակել։ Հիմա ամբողջ մեղքը բարդել տարբեր փուլերում գործած իշխանությունների վրա, պարզապես ունի մեկ նպատակ՝ իրենց վրայից գցել պատասխանատվությունը հազարավոր զոհերի, հսկայական տարածքային կորուստների ու Արցախի հանձնման համար ու պատրանք ստեղծել, թե ամեն ինչ փորձում են անել, բայց չի ստացվում։

– Պարո՛ն Աբրահամյան, վերջին ողբերգական դեպքից հետո, երբ կացարանում հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող, իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք պաշտպանության նախարարի հրաժարականի անհրաժեշտություն չեն տեսնում, ավելին՝ «եթե չլինեին Պապիկյանի կատարած բարեփոխումները բանակում, մենք նմանատիպ ողբերգական դեպքերի ավելի հաճախ ականատես կլինեինք»։ Այս հայտարարություններին ինչպե՞ս կարձագանքեք, ու այս դեպքը այսօրվա բանակի ի՞նչ վիճակի ցուցիչ է։

– Իշխանությունը՝ գիտակցելով, որ բանակում ստեղծված իրավիճակի ու ի հետևանք՝ ձեր նշած ողբերգական դեպքի պատասխանատուն հենց իրենք են, բնական է՝ «մարտի է նետել» իր բոլոր ուժերը՝ պաշտպանելու իրենց քաղաքական նշանակումը՝ պաշտպանության նախարարին։ Այդ կարգի հայտարարությունների նպատակն էր պաշտպանել սեփական իշխանությունը:

Ինչ վերաբերում է իրենց իրականացրած բարեփոխումներին, որոնց մասին ասում են, ապա պետք է նշեմ, որ զինված ուժերն այնպիսի մեծ համակարգ են, որ այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ լավ կամ վատ, միանգամից տեսանելի է դառնում բոլորի համար։

Այդ բարեփոխումների մասին հարցրեք զինծառայողներին՝ սկսած կենցաղից վերջացրած մարտական պատրաստության վիճակով, ու դա լավագույնս ցույց կտա իրականությունը։ Հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ տարբեր բնույթի ու մասշտաբի հարձակումներ է իրականացնում, ու դրա հետևանքով մենք մեծաթիվ զոհեր ու տարածքային կորուստներ ենք ունենում, ինքնին ցույց է տալիս այս իշխանության դիմադրողականության աստիճանն ու իրենց կատարած բարեփոխումների որակը։

– Այսինքն՝ «աննախադեպ բարեփոխումների» վերաբերյալ այդ բոլոր պնդումները, մեղմ ասած, իրականությանը չե՞ն համապատասխանում։

– Մեր օրերում շատ դժվար է հիմնվել իշխանության կողմից հնչեցվող հայտարարությունների վրա, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ դրանք ամբողջությամբ սուտ ու կեղծիք են։ Խնդիրը միայն գումարը չէ, որ իրենք ասում են, թե դրա պակասը չկա, խնդիրն առաջնահերթություններն են ու մարտավարական- ռազմավարական մտածողությունը, որն այս իշխանության մոտ պարզապես բացակայում է։

Ես արդեն ասացի, որ այս ոլորտում որոշումներ կայացնողները անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող գնալ անվտանգային համակարգի արդյունավետ բարեփոխումների, քանի որ չունեն բավարար մտավոր պոտենցիալ այս ոլորտում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am