Հիմնադրամից պետբյուջե փոխանցումների հարցով քննիչ հանձնաժողովը 6 ամսում թալանի դեպք չարձանագրեց. Պապոյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը դժգոհում է՝ ընդդիմությունը չի գալիս աշխատանքի, անգամ չի փորձում իր նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի շրջանակում իր մատնանշած «թալանը» բացահայտել: Պատգամավորը նկատում է՝ հանձնաժողովը գործունեության 6 ամսում անգամ մեկ դրամ թալանի դեպք չի արձանագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետներին առնչվող նախագծի քննարկման շրջանակում:

Պապոյանը նախ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նշանակությունը կարևոր համարեց: «Բայց քանի, որ հանձնաժողովի ղեկավարը և այն նախաձեռնող խմբակցությունը չի գալիս աշխատանքի, մենք այդպես էլ կարևոր հարցերի պատասխաններ չենք տեսնում: 6 ամիս հանձնաժողովն աշխատեց, և 6 ամսվա ընթացքում մեկ դրամի, մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրել: Չկա որևէ դեպք, եթե լիներ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կասեին, որ 6 ամսվա ընթացքում բացահայտել են դրամի «թալանի» դեպք»,- ասաց Պապոյանը: