Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարձակումներ են իրականացրել․ կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 12-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 08։00-ն Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի 15 շրջաններում և Ազովի ծովի տարածքում խոցել են ուկրաինական 604 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ, որոնցից 65-ը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են նաև Ստավրոպոլի երկրամասի վրա զանգվածային հարձակման մասին։ Երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ վնասներ են արձանագրվել Նևինոմիսկի արդյունաբերական գոտում։

Կալուգայի մարզի նահանգապետն իր հերթին հայտարարել է, որ երեկոյան և գիշերային ժամերին մարզի տարբեր շրջաններում, ինչպես նաև Կալուգայի և Օբնինսկի ծայրամասերում խոցվել է 73 ԱԹՍ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ նույն գիշեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հինգ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ, ինը «Բանդերոլ/Դան-Տ» փոքր չափի հրթիռ և 108 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական կողմը հայտնել է 88 ԱԹՍ-ի խոցման մասին՝ նշելով, որ հարվածներ են արձանագրվել 17 վայրում։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Խարկովի իշխանությունները հայտնել են «Բանդերոլ» հրթիռներով զանգվածային հարձակման մասին։ Նրանց տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս 11-ը։ Վնասվել է նաև չորսհարկանի բնակելի շենք։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են նաև Լվովի վրա ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի Դարնիցկիի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնասել են երկհարկանի առանձնատուն։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ վիրավորվել է մեկ կին։

Դնեպրում հարձակման հետևանքով վիրավորվել է 64-ամյա տղամարդ։ Վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, բազմահարկ բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։