Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից և վերադարձել Վատիկան։ 71-ամյա պոնտիֆիկոսը չորս օր առաջ վիրահատվել էր թոքերի քաղցկեղի պատճառով։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հռոմի պապն ինքնուրույն քայլելով դուրս է եկել հիվանդանոցից, կանգ առել և զրուցել իրեն ողջունելու եկած մարդկանց հետ, ապա նստել իրեն սպասող ավտոմեքենան։
Ավելի վաղ նրա բժիշկները հայտնել էին, որ արյան վերջին հետազոտությունների և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքները թույլ են տալիս նրան դուրս գրել հիվանդանոցից։
Հոկտեմբերի 13-ին Լևոն XIV-ը վիրահատվել էր, որի ընթացքում հեռացվել էր նրա աջ թոքի ստորին բիլթը։ Պապի մոտ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա՝ թոքերի քաղցկեղի ամենատարածված տեսակը։
Բժիշկների տեղեկացմամբ՝ վիրահատությունը հաջող է անցել՝ առանց բարդությունների։ Սակայն առայժմ չեն հրապարակվել ուռուցքի չափերի և այն մասին տեղեկությունները, թե արդյոք հիվանդությունը տարածվել է հարակից ավշային հանգույցներում։ Այս տվյալները կարևոր են հիվանդության հետագա ընթացքը գնահատելու համար։
Հռոմի պապը նախատեսում է հոկտեմբերի 18-ին՝ կիրակի, առաջին անգամ վիրահատությունից հետո հանրության առջև հանդես գալ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների հետ մասնակցելով ավանդական աղոթքին։
Լևոն XIV-ի քաղցկեղի ախտորոշումը մտահոգություն է առաջացրել Վատիկանում։ 2025 թվականի մայիսին ընտրված պոնտիֆիկոսը համարվում էր համեմատաբար երիտասարդ և ակտիվ հոգևոր առաջնորդ, իսկ հիվանդությունը հարցեր է առաջացրել նրա հետագա գործունեության վերաբերյալ։



















