Ֆրանսիայի ոստիկանության Alliance արհմիությունը բողոք է ներկայացրել պետության դեմ՝ պնդելով, որ իրավապահներին առանց բավարար պատրաստվածության ու պաշտպանական միջոցների ուղարկում են զանգվածային բողոքի ակցիաները վերահսկելու։
Այս մասին հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների սկսվելուց առաջ, La Dépêche du Midi-ին տված հարցազրույցում հայտարարել է արհմիության Վերին Գարոն դեպարտամենտի քարտուղար Լիոնել Ռիկոն։
Նրա խոսքով՝ ոստիկանները շաբաթներ շարունակ ներգրավված են եղել դպրոցականների բողոքի ցույցերի վերահսկման աշխատանքներում և աշխատել գերծանրաբեռնված պայմաններում։
«Մեր գործընկերների շրջանում մեծ հոգնածություն և հյուծվածություն կա։ Նրանց աշխատանքի են կանչում նույնիսկ հանգստյան օրերին, իսկ հերթափոխերը տևում են 15–16 ժամ»,- ասել է Ռիկոն։
Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիայում բավարար թվով հատուկ պատրաստված ստորաբաժանումներ չկան՝ ամենօրյա բողոքի ակցիաները վերահսկելու համար։ Այդ պատճառով ցույցերի ժամանակ ներգրավվում են նաև սահմանային ոստիկանության, քրեական ոստիկանության և այլ ծառայությունների աշխատակիցներ։
«Նրանք գալիս են սաղավարտներով ու վահաններով, սակայն նման իրավիճակների սովոր չեն և իրենց վտանգի մեջ են զգում, քանի որ համապատասխան պատրաստվածություն չունեն»,- նշել է Ռիկոն։
Նրա խոսքով՝ որոշ ոստիկանների բողոքի ակցիաները վերահսկելու են ուղարկում միայն մահակներով՝ առանց լրացուցիչ պաշտպանական միջոցների։
«Մենք բոլորին ուղարկում ենք փողոց՝ առանց համապատասխան պատրաստվածության, պարզապես հեռադիտակային մահակներով, առանց Flash-Ball տեսակի հատուկ միջոցների։ Մեր գործընկերներն իրենց անպաշտպան են զգում։ Նրանք կարծում են, որ իրենց օգտագործում են որպես թնդանոթի միս»,- հայտարարել է արհմիության ներկայացուցիչը։
Alliance-ը պետության դեմ բողոք է ներկայացրել մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու հիմքով։
Ռիկոն անդրադարձել է նաև ոստիկանության կիրառած հատուկ նռնակներին, որոնց օգտագործումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ Լանսում դպրոցականներից մեկի ձեռքի ծանր վնասվածքից հետո։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ի զանգվածային ցույցերից առաջ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել էր այդ միջոցի կիրառությունը վերսկսելու մասին։
Արհմիության ներկայացուցիչը պնդել է, որ նման նռնակները ոստիկաններին հնարավորություն են տալիս դուրս գալ շրջափակումից, երբ նրանք հայտնվում են անմիջական վտանգի մեջ։
Հարցազրույցը հրապարակվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան՝ մինչ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բախումները, որոնց հետևանքով, հետագա տվյալներով, վիրավորվել են հարյուրավոր իրավապահներ։



















