«Նիկոլ Փաշինյանը պաշտում է հներին, որովհետև այլ տարբերակ չունի, քան նրանց ֆոնին իր իշխանությունը երկարաձգելը». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել էիք ժողովրդին՝ նշելով. «Թախանձագին խնդրում եմ, ընտրիր միայն քո ցավերով ապրող, քո համար պայքարող, թեկուզ նաև այդ պայքարում սխալվող, բայց հանուն քեզ իր կյանքը չխնայող, քո նեղ պահին քեզ համար տառապող ուժերին։ Ժխտի՛ր մութ ու փորձված անդեմ դեմքերին և ուժերին»։ Ինչո՞ւ հիմա որոշեցիք նման հայտարարությամբ հանդես գալ։

Սա երկու տարի առաջվա իմ կոչն է, որում ես ներկա իշխանությունների հետ որոշակի հարցերում արդեն ունեի անհամաձայնություն։ Նիկոլ Փաշինյանն ինձ համար արդեն դարձել է հեղափոխությունը չիրացնող, դատական համակարգը չփոխող, բանակին ուշադրություն չդարձնող, ընդհանրապես անգործության մատնված, քաղաքացու դարդ ու ցավին անտեղյակ։ 

Պարգևավճարներ էր տալիս իր թիմակիցներին, շփվում էր միայն իմքայլականների հետ։ Դրա համար երկու տարի առաջ նման գրառում արեցի, որում ամեն ինչ ասված է։ Իսկ այսօրվա կոչով ես ընդամենը կոչ եմ արել ազգային պարտության և համատարած ազգային սուգից որպեսզի դուրս գանք և պայքարենք, մենք պետք է վերականգնենք և վերազինենք մեր ազգային բանակը։ 

Եվ առանց գերագույն գլխավոր հրամանատարի՝ բանակ չի լինում։ Մեզ պարտված գլխավոր հրամանատար պետք չէ, նա պետք է հրաժարական տա։ Եվ այն խոսակցությունները, թե նրա հրաժարական տալով հներն են գալու, կեղծ են, նրանց մենք վաղուց ենք մերժել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հների ֆոնին ուղղակի գոյատևողներն են։ 

Նիկոլ Փաշինյանը պաշտում է հներին, որովհետև ինքը ուրիշ այլ տարբերակ չունի, քան նրանց ֆոնին իր իշխանությունը երկարաձգելը։ Դրա համար որպեսզի ինձ շատ չքարկոծեն, արել եմ հավասարակշռված կոչ։ Իմ կոչը ուշադիր պետք է կարդա նաև Նիկոլ Փաշինյանը։

– Դուք մասնակցում էիք պատերազմին մինչև վիրավորում ստանալը։ Դավաճանությունը, ըստ ձեզ, ի՞նչ դեր է ունեցել այս պատերազմի ժամանակ։ Շարունակ խոսվում է այդ մասին։

– Ո՛չ, դավաճանություն չի եղել, եղել են դեբիլություն և սխալ կառավարում։ Պետք չէ դավաճաններ փնտրենք մեր մեջ, որովհետև մենք ունենք բազմաթիվ զոհեր, և չի կարելի ասել, թե այդ զոհերը զոհվել են հանուն ոչնչի։ Նրանք զոհվել են հանուն Հայրենիքի, նրանք զոհվել են, որպեսզի ողջ մնացածներս դաս քաղենք, ստեղծենք մեր բանակը։ Ամեն պարտություն մի նոր հաղթանակի սկիզբ է։ 

– Այսինքն՝ մի՞ֆ էր, որ անընդհատ հայտարարում էին, թե մենք ունենք ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ։ 

– Իհարկե միֆ էր։ Մենք փաստորեն ունեինք 70-ականների սպառազինված բանակ, 30-40 տարի առաջ մեծ դեր էր խաղում բանակը, մեծ դեր էին խաղում ավիացիան, հրետանին, իսկ հիմա՝ 21-րդ դարում, բարձր տեխնոլոգիաներն են դեր խաղում, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը։ 

Եվ հիմա կարող է նույնիսկ ոչ պիտանի ծառայության, բայց լավ ուղեղով ինչ-որ մեկը իր տան նկուղում նստի և կառավարի հարվածային, հետախուզական անօդաչուները և հակառակորդին մեծ վնաս պատճառի։ 

Օրինակ՝ թուրքական բանակն այնքան է զարգացել, որ զինվորների սաղավարտի մեջ չիպ են ունեցել, որը տարբերում էր յուրայիններին օտարներից։ Եվ այս պարագայում արդյոք մեր բանակը ի զորո՞ւ էր նրանց դիմակայել։ 

Ես չեմ ուզում հիմա տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք պիտի վերականգնենք մեր բանակը։ Եվ որպեսզի հոգեբանորեն հավասարակշռված լինենք, մեզ պարտություն ստորագրած և կապիտուլացված գլխավոր հրամանատար պետք չէ։ Եվ, վերջապես, երկիրը լայվերով չեն ղեկավարում։

– Կարծում եք՝ Արցախո՞ւմ էլ իշխանություն պետք է փոխվի։ 

– Այո՛, Արցախում էլ պետք է փոխվի։ Դուք հավատո՞ւմ եք, որ Արցախի իշխանությունը կապված չէ Հայաստանի իշխանության հետ։ Եվ եթե այստեղ փոփոխություն լինի, Արցախում էլ ինքնըստինքյան կփոխվի։

– Հիմա՞, թե որոշ ժամանակ հետո պետք է տեղի ունենան այդ փոփոխությունները։

– Այդ փոփոխությունները պետք է լինեն առանց ցնցումների, ցանկալի է՝ հիմա լինեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, եթե բարոյականություն ունենա, պետք է հրաժարականի դիմում գրի և հայտարարի արտահերթ ընտրություններ։

Կարող է նաև մինչև նոր ընտրություն իր տեղակալներից մեկին նշանակել, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգիրք պիտի փոխվի, Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ սա մեկ մարդու տոտալիտար անսահմանափակ իշխանություն է, որը ստեղծել է Սերժն իր համար։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, մերժելով Սերժին, չմերժեց այդ Սահմանադրությունը՝ չնայած հեղափոխության պահանջներից մեկը հենց դա էր։ Նա չիրացրեց հեղափոխությունը, չպատժեց հներին, ոչ մեկի չպատժեց, որովհետև իր համար հներին չպատժելը փրկություն է։ Հիմա ժողովուրդը հներից սարսափում է, Նիկոլից՝ զզվում։ 

– Ի՞նչ եք կարծում, պատերազմից հետո քրեական գործեր չպե՞տք է հարուցվեին, օրինակ՝ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ 

– Մի օրինակ ասեմ՝ այս պատերազմում դեբիլ կառավարում է եղել, որովհետև կամավորներին հավաքագրելուց նրանց չեն կցագրել զորամասերին։

Եվ այն տպավորությունն էր, որ մենք ունենք երկու բանակ՝ կանոնավոր և կամավորների։ Եվ կամավորները այս ահեղ պատերազմի հենց առաջին օրից սկսեցին խուճապի մատնվել և բարոյալքվել, որը իսկույն վարակեց կանոնավոր բանակը։

Ինչու այսօր ունենք շատ անհետ կորածներ, որովհետև կանոնավոր բանակը ուներ հրամանատար, վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար և այլն, և բոլորն իրար ճանաչում էին։ Ամեն զինվոր վերահսկողության տակ էր, և եթե նրանք զոհվում էին, մարտի դաշտի նրանց դուրս էին բերում։

Սա չկար կամավորների դեպքում, որոնք իրար չէին ճանաչում, ճանապարհին էին ծանոթանում, և դրա համար անհետ կորածների և գերիների մեջ նրանց թիվը շատ է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթ չէր բանակին, բանակում չէր ծառայել, սա էր հիմնական պատճառը։

– Հնարավո՞ր էր այսքան զոհերից խուսափել։

Իհարկե, ճիշտ կազմակերպված լինելու դեպքում հնարավոր էր։ Միայն սնունդ ապահովելը չէ, ավելին՝ սա գիրացնող սննդակարգ էր, որը զինվորին գիրացնում էր և ոչ մարտունակ դարձնում։ Իսկ աշխարհի բանակներում հստակ սննդակարգ է գործում՝ կալցիումով և ֆոսֆորով հարուստ։

Մանե Հարությունյան

MediaLab.am