Լրագրող Էմիլիո Քրիքիոն ծնվել-մեծացել է Լոնդոնում: Նրա հայրը Սիցիլիայի իտալացի է, մայրը՝ պարսկահայ, որը Իսլամական հեղափոխությունից առաջ գնացել էր Անգլիա կրթություն ստանալու: Իտալացին ու հայը, որոնցից ամեն մեկն իր ճակատագրով էր հայտնվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հանդիպել էին անգլերեն սովորելու նպատակով, հետո իրար սիրել ու ամուսնացել:
Էմիլիոյին տեսել էի «Սիվիլնեթի» եթերում, ու նրա բրիտանական շեշտադրմամբ անգլերենը միանգամից գրավել էր ուշադրությունս: Երբ հանդիպեցինք միջոցառումներից մեկի ժամանակ, անմիջապես ասացի, որ շատ եմ ուզում լսել իր փորձառության մասին, և այդպես հայտնվեցի նրա աշխատավայրում: Եթե փորձեմ բնութագրել Էմիլիոյին, կշեշտեմ նրա զսպվածությունը, նրբանկատությունն ու չափված-ձևած լինելը: Գործընկերներից մեկը մինչև մեր զրույցն ասաց՝ գիտես, չէ՞, երբեք չի վիճում ու ձայնը չի բարձրացնում, շատ զուսպ ու համեստ է, ինչը բավական տարօրինակ թվաց ինձ, քանի որ և՛ հայերը, և՛ իտալացիները չափազանց աղմկոտ են:
Էմիլիոն շատ մտերիմ է մոր հետ, ու նրա սերը Հայաստանի հանդեպ մեծ մասամբ պայմանավորված է մոր կերպարով, որը մեծացել էր պահպանողական, ավանդական հասարակության մեջ, սակայն միշտ առանձնանում էր իր ազատամտությամբ: Նա ջանք էր թափում, որ միակ զավակը սիրեր Հայաստանը, ու Էմիլիոն մոր փորձը բնութագրելիս շատ նրբանկատ է բառեր ընտրում.
– Ես չեմ ուզում դա ճնշում համարել, այլ հավանաբար ջանք ու փորձ՝ ինձ Հայաստանը սիրել տալու համար: Նա ինձ հետ հայերեն էր խոսում, ուղարկում էր հայկական կիրակնօրյա դպրոց, որը ես չէի ուզում գնալ, բայց գիտեր, թե որքան կարևոր էր դրսում մեծացող երեխային Հայաստանի մասին պատմելը:
Հայաստանից դուրս մեծացած շատ երեխաներ են հաճախում կիրակնօրյա դպրոցներ, բայց ոչ միշտ՝ հոժարակամ: Երբեմն նրանք ապստամբում են, բայց էմիլիոն, որ նրանցից մեկն էր, գնահատում է մոր այդչափ նվիրվածությունը, որ գոնե հայերեն խոսել սովորեց:
Ծնողները, որ իսպանական ռեստորան ունեին Լոնդոնում, մեծ գուրմաններ են, ու նրանց տանը հաճախ էին իտալական խոհանոցի նրբահամ ուտեստները փոխարինվում իրանականով ու հակառակը: Հայրը իտալական ուտելիք էր պատրաստում, մայրը՝ իրանական, այնպես որ, նրա մանկությունն անցնում էր ոչ միայն երկու ազգերի խոհանոցային, կենցաղային, սովորութային տանդեմը վայելելով, այլ նաև բրիտանական յուրահատուկ մշակույթը յուրացնելով ու իրենը դարձնելով: Լոնդոնը բազմազգ, բազմամշակութային քաղաք է՝ լի մարտահրավերներով, իսկ երբ ծնողներդ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, դժվարանում է նաև ինքնությունը հասկանալը:
– Իմ ինքնությունը և՛ իտալական է, և՛ հայկական: Ես խոսում եմ իտալերեն, հետևում եմ Իտալիայում կատարվող իրադարձություններին, լսում եմ իտալական երաժշտություն: Երբ Լոնդոնում եմ, ես օտարազգի եմ, երբ Իտալիայում եմ, ասում են՝ անգլիացի եմ, բայց դա ինձ չի նեղացնում:
Այն, որ նրա պահվածքն ավելի բրիտանական էր, քան իտալական կամ հայկական, ոչ միայն իմ անձնական զգացողությունն է, այլ նաև հենց Էմիլիոյինը: Իմ՝ ժեստերով հարուստ հայերեն խոսքին պատասխանել այդքան չափի մեջ, կարող էր անել միայն անգլիացին, որն այս դեպքում նրա մեջ ավելի շատ է, քան «ձայնավոր» իտալացիների ու հայերի արյունը:
Լոնդոնը բազմազանության մասին է, որը երբեմն կարոտում է Էմիլիոն, բայց արդեն որերորդ անգամ եմ լսում այս արտահայտությունը, որ Հայաստանն էլ ավելի շատ բազմազանության մասին է, քան՝ մոնոէթնիկ ու միատարր լինելու:
– Բազմազանությունը շարունակական է, ու ես դրա մեջ խոչընդոտ, խնդիր չեմ տեսնում: Մի՞թե բազմազանությունը չի կարող ձեռք ձեռքի տված քայլել ազգայինի հետ ու լինել գեղեցիկ:
Տասներեք տարեկանում առաջին անգամ Հայաստանում հայտնված Էմիլիոն լավ է հիշում այստեղ անցկացրած երեք շաբաթները:
– Ու ո՞րն է քո առաջին հիշողությունը:
– Զավեշտալի է, բայց երբ օդանավակայանում էինք, մեզ դիմավորեցին մեր բարեկամներն ու տարան իրենց տուն, որ գտնվում էր Մալաթիայում: Գիշերվա հազարին հասանք տեղ ու տեսանք բերնեբերան լցված սեղան, անթիվ մարդիկ, որոնք գրկաբաց հյուրընկալում էին մեզ: Պիտի ասեմ, որ դա մշակութային շոկ էր ինձ համար, որովհետև ես կարծում էի, որ երկիր ժամանելուց հետո լավագույն բանը, որ կարող ես անել, հանգստանալն է:
Հիշում է, որ այդ Հայաստանը «հին» էր. հիմա ուրիշ Հայաստան է:
– Դե, պատկերացրու՝ 2011 թվականի պատմություն եմ պատմում, Զվարթնոցի հին շինությունն է, սննդի կետերում ոչ այնպիսի առատություն ու սպասարկում, որպիսին հիմա է: Հիշողություններս բավական ամպոտ են, քանի որ փոքր էի, ու դժվար էր այդ տարիքում ինքնուրույն ճանաչել երկիրը:
Էմիլիոյի խոսքում Հայաստանը հաճախ էր բաժանվում երկու մասի՝ իր զբոսաշրջային հիշողության հին Հայաստանը, որը ներառում էր ստանդարտ Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ ճամփորդությունը, և իր բացահայտած Հայաստանը, այն, որում ինքն այլևս զբոսաշրջիկ չէ, այլ դրա մի մասը, որ հստակ գիտի, թե ինչերի միջով է անցնում երկիրը, ինչ է պետք այն սիրելու համար:
Նա Հայաստան կրկին եկավ 2018 թվականին մի ծրագրով, որը հնարավորություն էր տալիս ապրել հյուրընկալ ընտանիքում: Այդպես հայտնվեց Գյումրիում՝ Անի թաղամասում, Հասմիկի ու Արտյոմի տանը, որտեղ ջերմությունն ու Գյումրվա կոլորիտը միախառնվում էին իրար՝ հրաշալի փորձառության հիմք ստեղծելով Էմիլիոյի համար:
– Ընտանիքս Գյումրիից դուրս հողամաս ուներ, ինտերնետ չկար, ու ես տատիկ-պապիկներին հարցնում էի՝ ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս օգնել ու, վայելելով նրանց ներկայությունը, փորձում էի բացահայտել հային:
Բայց հայրաքաղաքում նա բացահայտեց մի ուրիշ բան. Գյումրու հումորն իր սարկազմով շատ նման է բրիտանական սուր հումորին: Երկրաշարժի մասին արված հումորները մարդկանց կողմից, որոնք ապրել են այդ ամենը, սկզբում էր միայն ապշեցուցիչ:
– Հետո ես ասացի՝ նրանք հաղթահարել են ու դրա համար էլ հումոր են անում: Ֆանտաստիկ էր տեսնել Գյումրու ու Բրիտանիայի հեգնանք պարունակող հումորներն ու սեփական խնդիրը ծաղրելու ունակությունը:
Հայաստանում Էմիլիոն սովորեց վստահել մարդկանց, ու կարո՞ղ եք կռահել, թե որտեղի՛ց սկսվեց այս ամենը: Իհարկե, հայկական հայտնի «մարշրուտկաներից»: Գյումրիում կենտրոն իջնելիս Էմիլիոյին մի կին առաջարկեց պահել ուսապարկն ու խոստացավ հետ տալ՝ իջնելուն պես:
– Եթե Լոնդոնում մեկը նման առաջարկ անի, ուրեմն հաստատ գող է, իսկ ես նման փորձառություն ունեցել եմ: Կինը բացատրեց, որ ուզում է պահել պայուսակս, որ ես հանգիստ երթևեկեմ, մտածեցի՝ վաո՜ւ, սա վստահության մի այլ մակարդակ է:
Սա չի նշանակում, թե Հայաստանում չեն կարող վատ դեպքեր լինել, ու բոլոր հայերին պետք է վստահել: Շատ մարդիկ Հայաստանը բնորոշում են որպես անվտանգ երկիր, բայց Էմիլիոն երբեմն խոսում է ընկերների հետ, որոնք ասոմ են, որ, չէ՛, կան դեպքեր, երբ իրենք անվտանգ չեն զգում:
Երեք ամիս կամավորություն անելուց հետո Էմիլիոն գնաց Մեծ Բրիտանիա, հետո ճամփորդեց ԱՄՆ-ում: Այդ ընթացքում մտածում էր Իրան մեկնելու մասին և վիզան ստանալուց հետո պլանավորում էր մի քիչ մնալ Վրաստանում, հետո՝ Հայաստանում, բայց տեղի ունեցավ մի բան, որ հավանաբար շատ մարդիկ ճակատագիր կանվանեն:
– Իրանում ապրող բարեկամներս ասացին, որ այնտեղ այդ շրջանում անվտանգ չէ: Որոշեցի մնալ Հայաստանում, որ երբ խաղաղվի, գնամ Պարսկաստան:
Ու հենց այդ ժամանակ հասկացավ, որ պետք է լրագրությամբ զբաղվել հենց Հայաստանում: Ընկերներից մեկի առաջարկով դիմեց «Սիվիլնեթ», իսկ սեպտեմբերին Էմիլիոն գնում է Լոնդոն՝ աշխատելու ամենահեղինակավոր մեդիաընկերություններից մեկում: Վեց ամսվա ծրագիր է, որն իրականում կարող է շատ բան փոխել նրա կյանքում:
– Ուզում եմ թողնել ինքնահոսի ու հասկանալ, թե ի՛նչ կփոխվի իմ կյանքում, բայց մի բան հստակ է՝ ես մի օր հետ եմ գալու Հայաստան: Գուցե գնամ ու հասկանամ, որ Լոնդոնն այլևս այն տեղը չէ, որտեղ ուզում եմ ապրել, մանավանդ երբ հայրս ու մայրս ասում են, որ ուզում են տեղափոխվել ու ապրել այստեղ: Չգիտեմ՝ ինչ կլինի:
Վերջում Էմիլիոյին ասացի.
– Պատմի՛ր ինձ դրվագ, որ ամենից շատ է կապված Հայաստանի հետ, ու դու այն երբեք չես մոռանա:
– Պատերազմից առաջ գնացել էի Լոնդոն մերոնց տեսնելու: Հետդարձը Ֆրանկֆուրտից էր: Երբ Լոնդոնում էի, Հայաստանում պատերազմ չէր, երբ հասա Ֆրանկֆուրտ, օդանավակայանում հայերի հեռախոսներից հնչող՝ «պատերազմ է», «պատերազմ է» բառը ծակում էր ականջս: Ես մտածեցի՝ արդյոք պիտի նստե՞մ ինքնաթիռ ու հասկացա, որ, հա՛, իհարկե, սա իմ ընտրությունն է, ես դրա տերն եմ՝ անկախ ամեն ինչից:
Հայաստանով ճամփորդող Էմիլիոն, որ երբեմն ռաբիս է լսում՝ կախված տրամադրությունից, որ գյուղացիների տներում մնում է ավելի երկար, քան նախատեսված էր նկարահանումը, որովհետև նրան հյուրասիրում են անդադար, հավանաբար ամենից լավ գիտի այս երկիրը ճանաչելու ձևը:
Կան մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում տարիներով ու այդպես էլ զբոսաշրջիկ են մնում, քանի որ վախենում են այս երկիրը դժվարությունների միջով ճանաչելու փորձառությունից: Միայն այն ժամանակ, երբ քաղաքը կճանաչես ներբաններով, կմտնես հայերի տներ, կփորձարկես ոչ հայտնի, մի գողտրիկ տեղում բացված սննդի կետի ուտելիքը, կտաս ուսապարկդ երթուղայինի անծանոթին ու չես կասկածի, այն ժամանակ կճանաչես իսկական Հայաստանը:
Կուշանե Չոբանյան
Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան
MediaLab.am