Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ խաղաղության համաձայնագրի համար․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու անձնական հանդիպումը պարտադիր չէ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նրանք կարող են խաղաղության համաձայնագիրը ստորագրել այլ կերպ։ Նրանց համար դժվար է լինել նույն սենյակում։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես դա կարվի»,- ասել է Թրամփը՝ կրկին խոսելով երկու առաջնորդների միջև առկա «ահռելի ատելության» մասին։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Ուկրաինան պետք է համաձայնի պատերազմը դադարեցնելու առաջարկվող պայմաններին։

«Զելենսկին պետք է պատրաստ լինի գործարք կնքելու, քանի որ, կարծում եմ, նրա ժողովուրդն այլևս չի հանդուրժի դա»,- հայտարարել է նա։

Թրամփը դժգոհություն է հայտնել նաև Ուկրաինային տրամադրված ամերիկյան օգնության արդյունքներից՝ նշելով, որ ԱՄՆ-ը դրա դիմաց ոչինչ չի ստացել՝ բացի մարդկային կորուստներից և ֆինանսական վնասներից։

Նրա խոսքով՝ Ուկրաինային ֆինանսական աջակցությունից հոգնել են ինչպես ամերիկացի հարկատուները, այնպես էլ Եվրամիության երկրները։