«Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, թող գա Մոսկվա»․ Լավրով

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում նախատեսվող բանակցություններից առաջ։ Այս մասին Ատլանտայում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինի պես չի ընդունի որևէ իրավիճակ, երբ Ուկրաինան սպառնալիք ներկայացնի Ռուսաստանի անվտանգության շահերին։

Լավրովը հայտնել է, որ Աբու Դաբիում բանակցությունների ժամկետները կհրապարակվեն դրանց վերջնական հաստատումից հետո։

Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, պետք է մեկնի Մոսկվա։

Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ առայժմ գործնական առաջընթաց չի նկատվում։ Նա նաև զգուշացրել է ռուսական դիզելային վառելիքի շուրջ հնարավոր գործարքից մեծ ակնկալիքներ չունենալ։

Լավրովը հայտնել է, որ Ատլանտայում շփում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի հետաքրքրությունը երկխոսության նկատմամբ։

Անդրադառնալով Եվրամիությանը՝ ռուսաստանցի նախարարը հայտարարել է, որ եվրոպական երկրների մասնակցությունն ուկրաինական կարգավորման գործընթացին պետք է դիտարկել՝ հաշվի առնելով նրանց նախկին գործողություններն ու դիրքորոշումները։