«Կա՛մ Նիկոլ Փաշինյանը ֆեյք ընդդիմություն է եղել, կա՛մ Նիկոլ Փաշինյանը ֆեյք իշխանություն է». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը միայն այս տարի արդեն երեք անգամ շահել է պետական գնումների խոշոր մրցույթներում: Կոռուպցիոն ռիսկեր այս ամենում նկատո՞ւմ եք:

– Քաղաքական կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է, իհարկե, ցանկացած մարդ՝ անկախ այն բանից՝ նրա հարազատը պաշտոնյա է, ընդդիմադիր գործիչ թե մեկ ուրիշն է, իրավունք ունի բիզնեսով զբաղվելու: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այսինքն՝ որևէ մեկը չպետք է կաշկանդված լինի միայն այն պատճառով, որ իր հարազատը պաշտոնյա է: Մյուս կողմից՝ գործ ունենք մի երևույթի հետ, որը բացարձակապես կապ չունի Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնես տաղանդի հետ, որովհետև ստացվում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մարդկանց բիզնես տաղանդը սկսվում է «դրսևորվել», երբ նրանց հարազատը դառնում է բարձրաստիճան պաշտոնյա:

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին խոսում էր իր որդիների բիզնես ունակությունների մասին: Հարց է առաջանում. այդ ունակություններն ինչո՞ւ առաջացան հենց այն ժամանակ, երբ Քոչարյանը երկրի ղեկավարն էր: Նույն տրամաբանությամբ՝ այդ ինչո՞ւ մինչև հեղափոխությունը կամ մինչև Ալեն Սիմոնյանի բարձրաստիճան պաշտոնյա դառնալը նրա եղբոր բիզնես գործունեության մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէր, ու հանկարծ նա դարձավ շատ հաջողակ բիզնեսմեն ու պետական մրցույթներում սկսեց հաղթող ճանաչվել. ակնհայտ կոռուպցիոն դրսևորում է:

Ցավոք սրտի, ամեն օր հավասարության շատ պինդ նշան ենք դնում նախկին քրեաօլիգարխիկ համակարգի և գործող իշխանության միջև, ըստ էության, այլևս որակական որևէ տարբերություն չի էլ մնացել: Ի դեպ, սա դրսևորվում է բոլոր ոլորտներում, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, որովհետև եթե նայեք իշխանության ցուցակներում ինչ անձինք են հայտնվում, ակնհայտ է, որ գնում է հին համակարգի որոշ ներկայացուցիչների սերտաճում գործող իշխանությանը ու «նոր օլիգարխիայի» ձևավորումը: Այդ շարքից է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր պատմությունը:

Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ այս թեմայի մասին խոսակցությունները խոհանոցային բնույթի են, ու նա ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, ավելին՝ նշում է, թե իր եղբայրն ընդամենն աշխատում է այդ ընկերությունում՝ որպես տնօրեն, կարող էր նաև՝ որպես հաշվապահ աշխատել:

– Գիտեք ինչ, Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ասում էր՝ իր որդին ընդամենը բանկի շարքային աշխատող է, Սերժ Սարգսյանն էլ ասում էր, որ իր եղբայրը շարքային բիզնեսմեն է: Դա այնքան ծեծված, այնքան արժեզրկված ու պրիմիտիվ ձևակերպում է:

Եթե չեմ սխալվում՝ Ալեն Սիմոնյանի եղբոր հետ կապված հետաքննության շրջանակներում պարզել էին, որ այդ ընկերության ֆորմալ սեփականատերը ինչ-որ գյուղում բնակվող տատիկ էր: Եթե այս հեքիաթներին որևէ մեկը լուրջ է վերաբերվում, կա՛մ ընկալունակության խնդիր ունի, կա՛մ ադեկվատության:

– Պարո՛ն Սուրենյանց, եթե վերհիշենք, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նման հարցերի շուրջ ի՛նչ դիրքորոշումներ ուներ, իսկ հիմա, կարծեք թե, լռության քաղաքականություն է վարում, ապա ինչո՞վ կբացատրեք այս փոփոխությունը:

– Կա՛մ Նիկոլ Փաշինյանը ֆեյք ընդդիմություն է եղել, կա՛մ Նիկոլ Փաշինյանը ֆեյք իշխանություն է. երկուսից մեկը, որովհետև, հիշո՞ւմ եք՝ ո՞վ առաջինը շրջանառության մեջ դրեց «պադավատապետություն» տերմինը, ո՞վ էր խոսում իշխանավորների ճոխ, չարդարացված ծախսերի մասին, ո՞վ էր մերկացնում սպառողական զամբյուղի մասին իշխանության փաստարկները, իհարկե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Հիմա՝ ո՞վ է նվիրում 90 միլիոն դրամանոց մեքենա ԱԺ նախագահին, ո՞վ ծպտուն չի հանում, երբ իր շրջապատում օլիգարխացման միտումներ են տեղի ունենում, ո՞վ ծպտուն չի հանում թանկացումների մասին, իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս երկու Նիկոլ Փաշինյանին դրեք իրար կողքի ու ակնհայտորեն կհամոզվեք, որ կա՛մ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է խաբել հասարակությանը՝ դիվիդենտներ ստանալու համար, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին:


Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լիներ գնումների պետական գործընթացը մեր երկրում ընդհանրապես ու, հատկապես՝ հեղափոխական իշխանության օրոք:

– Նախ՝ մրցույթները պետք է լինեն հրապարակային, պետք է հասարակությունը կամ տվյալ համայնքի բնակչությունը հստակ տեղյակ լինի՝ ով ինչ առաջարկով է ներկայացել, ինչպիսի պայմաններում է անցել մրցույթը, երրորդը՝ ընկերությունները, որոնք մասնակցում են մրցույթին, պետք է ունենան կենսագրություն, այնպես չլինի, որ հենց այդ տենդերին մասնակցելու համար գրանցվեն, որովհետև դա շատ արհեստական է:

Այսինքն՝ պետք է ապահովվի թափանցիկությունը, մասնագիտական գործոնը ու, ամենակարևորը՝ պետք է իշխանությունն իր մեջ քաղաքական կամք գտնի իր հարազատներին տենդերային այս պատմությունների մեջ չխցկելու համար, որովհետև հենց իշխանության հետքը երևում է այդ գործընթացներում, այդտեղ քաղաքական կոռուպցիան երևում է, ավելի շուտ՝ այդտեղ ամեն ինչ կա, բացի՝ բիզնեսից ու ազատ մրցակցությունից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am