«Հասկանում եք, չէ՞, որ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը խնդիր չի ունենա». ինչո՞ւ են պաշտոնյաների հարազատները դառնում «հաջողակ» գործարարներ

2021-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության համար բարեհաջող տարի էր. ամռան ընթացքում մեկ- երկու ամսվա տարբերությամբ այս ընկերությունը շահել է պետական գնումների երեք խոշոր մրցույթներում: 

Նախ՝ այս ընկերությունը այս տարվա հունիսին հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ճանապարհների վերանորոգման համար հայտարարված մրցույթում, որի բյուջեն կազմել է 367 մլն 950 հազար դրամ, այնուհետև՝ օգոստոսին շահել է Արթիկի համայնքապետարանի կողմից քաղաքի փողոցներից մեկի ասֆալտապատման և հիմնանորոգման մրցույթում՝ 93 մլն դրամ բյուջեով: Իսկ երրորդ մրցույթը, որ շահել է այս ընկերությունը, այս տարվա սեպտեմբերին է եղել՝ դարձյալ ասֆալտապատման աշխատանքների համար, բայց այս անգամ հայտարարել է Ապարանի համայնքապետարանը՝ 287,5 մլն դրամ բյուջեով:

Ներկայացնենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման համար հայտարարված մրցույթի մանրամասներ:

Պետական գնումների հանրային հաշվետվություններից տեղեկանում ենք, որ այս մրցույթին մասնակցել է 9 ընկերություն, սակայն ամենաքիչ գումարը առաջարկել է «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ 367 մլն 950 հազար դրամ: Իսկ դրանից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ընկերությունը՝ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, առաջարկել է 368 մլն դրամ: Այսինքն՝ հաղթող և ԱԺ նախագահի մերձավոր հարազատի հետ կապված ընկերությունից ընդամենը 50 հազար դրամով ավելի, ինչի համար էլ մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է «Եվրոասֆալտին»: Ի դեպ, այս ճանապարհի նորոգման աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է նոյեմբերի 30-ին:

Խոշոր բյուջեով պետական գնումների մրցույթներում բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի հետ փոխկապակցված ընկերության պարբերական մասնակցությունը և շահումը փորձագետների ու նաև հանրության շրջանում հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ է հանկարծ նոր-նոր հիմնադրված և ոլորտում աչքի չընկած ընկերությունը դառնում հաջողակ: 

Ի պատասխան տարբեր հարցադրումների՝ «Եվրոասֆալտ» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել էր. «Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմիցս չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ: Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում»: 

Պետական ֆինանական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը փաստում է՝ գնումների համակարգում կան խնդիրներ, որոնք ժառանգվել են նախկին կառավարիչներից ու մինչև այժմ էլ դրանք չեն փոխվում, բարելավվում:

«Հսկողական մեխանիզմներ չեն գործում, գնումների համակարգը շարունակում է գործել նախկինի իներցիայով: Եթե նայեք 2013 թվականի Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցը, այնտեղ մանրամասն ասվում է՝ գնումների համակարգում մենք ունենք համակարգային խնդիրներ: Հայաստանում կոռուպցիան տարբեր դրսևորումներ ուներ, և գնումների համակարգը դրանցից մեկն էր. պետական գնումներում մշտապես հաղթում էին նույն ընկերությունները, և այդ խնդիրների մասին արձանագրել էր Վերահսկիչ պալատը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Քյուրումյանը:

Փորձագետի խոսքով՝ իշխանափոխություն էլ կատարվեց երկրում, սակայն համակարգում փոփոխություններ չկատարվեցին՝ գնումների համակարգը չի բարեփոխվում, ոլորտի նկատմամբ վերահսկողություն չկա: Համակարգային փոփոխությունների համար, Քյուրումյանն ասում է, համակարգային վերլուծություններ պետք է կատարվեն՝ ինչ ու ինչ ծավալի գնումներ են կատարվում Հայաստանում, որ պետական մարմինն է կատարում դրանք, գնումների որ եղանակն է ավելի շատ օգտագործվում և այլն: «Պետք է վերլուծել համակարգը, ախտորոշել ու բուժել: Բայց առայժմ ոչինչ չի կատարվում իշխանությունների կողմից այս ոլորտի բարեփոխման համար: Ավելին, այս իշխանությունները եկան և սկսեցին նախկին կառավարման համակարգից եկած վատ մեխանիզմները հօգուտ իրենց օգտագործել, և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ կապված դեպքը ամենավառ ապացույցն է, դա նույն նախկինի շարունակությունն է»,- նշում է Արտակ Քյուրումյանը:

Փորձագետը կասկածներ ունի՝ արդյոք հսկողական մեխանիզմներ կիրառվո՞ւմ են մրցութային գործընթացի նկատմամբ: Իսկ գնումների գործընթացում հիմնական խնդիրներն առաջանում են սկզբում, երբ կազմվում է տեխնիկական առաջադրանքը, որը կարող է կամայական լինել ու շատերին դուրս մղել մրցույթից, և աշխատանքը հանձնելու ժամանակ, երբ ընդունողը կամ պատվիրատուն կարող է ծածկադմփոց անել և անխոչընդոտ ընդունել մատուցված անորակ աշխատանքը: 

«Դե հասկանում եք, չէ՞, որ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը խնդիրներ չի ունենա կատարված աշխատանքը հանձնելիս, նրա համար շատ հեշտ կլինի ապրանքը հանձնելը: Բնական է, որ սովորական ընկերության համար կարող են խնդիրներ առաջացնել, բայց բարձրաստիճան պաշտոնյայի համար հեշտ կլինի այդ ամենի միջով անցնելը»,- ընդգծում է Արտակ Քյուրումյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am