««Արդարություն» խմբակցության ղեկավարը թող Արցախից հեքիաթներ չպատմի ու ոչ էլ պրովոկացիաներ անի»․ Հայկ Սուքիասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը

Պարո՛ն Սուքիասյան, Արցախից ահազանգում են, որ առաջին անգամ է, երբ Արցախի Հանրապետության հռչակման օրը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկ ներկա չէ: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախ չեն գնացել:

– Պետք է նկատի ունենաք, որ Հայաստանում քաղաքականությունը ինտրիգային է: Հայաստանում 90-ականներից սկսած կա վատթարագույն ավանդույթ՝ ցույց տալ քաղաքականության երեսը, իսկ տակը ոչ ոք չգիտի ինչ է: Հետևաբար Հայաստանի իշխանության այս որոշման խորքային պատճառները դժվար է իմանալ:

Հավանաբար, պետք է նկատի ունենալ, որ պետությունը հիմա թուլացած վիճակում է, կա երկու գիշատչի՝ Ռուսաստանի և Թուրքիայի ու իրենց շնիկ պետության, որին իրենք օգտագործում են լավագույնս, գրոհը Հայաստանի դեմ, սրան էլ գումարած՝ կա թուլացած պետություն, որը իբրև թե կազդուրվելու նշաններ է ցույց տալիս:

Այս ամենը հաշվի առնելով և ավելորդ սկանդալներից խուսափելու համար երևի որոշել են չգնալ:

Իսկ գիտեք, որ Հայաստանի իշխանությունները հակված են աշխարհին երևալ քաղաքակիրթ, բայց սեփական ժողովրդին կողոպտել, աշխարհին երևալ խաղաղասեր, բայց մորթել սեփական ժողովրդին, հակված են եղել աշխարհին երևալ համեստի, պրովոկացիա չանողի դերում, և ես ենթադրում եմ, որ այդ ավանդույթները շարունակվում են:

– Այսինքն՝ նկատի ունեք, եթե Նիկոլ Փաշինյանը գնար Արցախ, արտաքին խաղացողներին այդ փաստը դուր չէ՞ր գա, դրա համա՞ր չի գնացել կամ գնում:

– Եթե ես լինեի իշխանության փոխարեն՝ կգնայի: Հայ իշխանավորն այդպիսին է, փորձում է արտաքին աշխարհի առաջ երևալ բարեկիրթ, խաղաղասեր, հպատակային ուղեղով, և արդյունքը սա է: Այո՛, այդպես եմ կարծում, ու նաև՝ չհրահրել ավելորդ լարվածություն:

Ենթադրում եմ նաև՝ միգուցե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սպառնալիք է եղել, իսկ դրանց հովանավորյալը աշխարհի պետությունների անկախությունը ատող, իր վրա ռազմավարական դաշնակից գրած Ռուսաստանն է: Հավանաբար այդ ծանրությանը պետությունը չէր կարող դիմանալ ու որոշել է չգնալ:

 – Օրինակ՝ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարն ասում է՝ երբ Ադրբեջանի ղեկավարը թույլ տա Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ էլ վերջինը կգնա Արցախ:

– Նա թող Արցախից հեքիաթներ չպատմի ու ոչ էլ պրովոկացիաներ անի։ Հավանաբար ինքն է Ալիևի հետ պայմանավորվել ու պրովոկացիաներ է անում Հայաստանին: Ես որ ասում եմ, նկատի ունեմ, որ իշխանության կամ պետության վիճակն այնպիսին չէ, որ նման բան իրեն թույլ տա:

Իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավարի ասածը ծառայում է Ալիևին, որովհետև ինքը հրահրում է Հայաստանին գնալ մի տեղ, որի ուժը Հայաստանը չունի: Առաջարկում եմ նաև, որ Դավիթ Գալստյանը խմբակցության անունը փոխի՝ դարձնելով «Անարդարություն», որովհետև ինքն այս հարցում անարդար է:

 – Պարո՛ն Սուքիասյան, ակնհայտ է, որ պատերազմից հետո հայկական պետությունների միջև կապն այնքան էլ սերտ չէ, դուք էլ նշեցիք մի քանի հանգամանքներ այդ առումով: Այս վիճակը ինչի՞ կարող է հանգեցնել:

– Արցախի ու Հայաստանի միջև հետագա հարաբերությունների ընթացքը լատենտային ձևով կպաշտպանվի, այսինքն՝ երևացող մասը այնպես կանեն, որ պրովոկացիաներ չլինեն, բայց գաղտնի աշխատելու են, եթե չաշխատեցին, ուրեմն ավելի լավ է հայերը գնան Իտալիայում ապրեն:

Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հարցը լուծվի, պետք է Հայաստանն ուժեղանա, այսօրվա Հայաստանը դա անելու պոտենցիալ չունի: Պետության դրությունը այնպիսին չէ, որ կարողանա իրեն նման շռայլություն թույլ տալ։ Բայց ամեն բան էլ կախված է իշխանության քայլերից, եթե այս իշխանությունը պետությունը կարգի չբերեց, ինքն էլ կչքվի այստեղից, Հայաստանն էլ, Արցախն էլ:

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ Հայաստան-Արցախ հարաբերությունները հետայսու տեղավորվելու են այն շրջանակներում, որը, այսպես ասած, հաճելի կամ դուրեկան կլինի այլ երկրների:

– Ենթադրում եմ՝ այո՛, Հայաստանը խուսափելու է կոնֆլիկտներից: Տեսնում եք, որ Հայաստանը ոնց կարողանում՝ խուսափում է կոնֆլիկտից. Սև լիճ մտնում են, ասում են՝ բախման չգնանք, մեկ ուրիշ տեղ մտել են, ասում են՝ դե, իրենց տարածքն է:

Իսկ դա ցուցիչ է, որ մեր բանակը չունի այդ պոտենցիալը, որ կռվի: Իշխանությունը պետք է պարզապես ժողովրդի հետ ազնիվ լինի, մեր իշխանություններին առաջարկում եմ, բացի իրար հայհոյելուց, որից բացի ուրիշ բան չգիտեն, թող գնան գրականություն կարդան:

Գերմանացիներից սովորեն սեփական ժողովրդի հետ անկեղծ լինել: Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի գլխավոր շտաբը կապիտուլյացիայից երկու օր առաջ դիմեց սեփական ժողովրդին ու բացատրեց, թե ինչու է գնում կապիտուլյացիայի:

Թող մեր իշխանությունն էլ բացատրի իրավիճակը, բայց քանի որ այս իշխանությունը նախկիններից ժառանգած ավանդույթով՝ չի ուզում խոսել, ամեն ինչ մնում է քո հասկանալու վրա, ու ամեն մեկն էլ հասկանում է այնպես, ինչպես հասկանում է՝ իր կրթության, գիտելիքի չափով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am