4-րդ դարի հայկական վաղմիջնադարյան Ամարաս վանական համալիրը, որի հիմնադրումը կապվում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ, Ադրբեջանը կրկին ներկայացրել է որպես «Կովկասյան Ալբանիայի պատմամշակութային ժառանգություն»։
Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ հաղորդելով, որ «Ադրբեջանի ալբանաուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են Ամարասի վանք»։
Գործակալությունը Ամարասը բնութագրում է որպես «Կովկասյան Ալբանիայի հնագույն կրոնական ժառանգության կարևոր նմուշներից մեկը»՝ նշելով, որ 4-րդ դարով թվագրվող վանքը «եղել է Կովկասյան Ալբանիայի կարևոր կրոնական և եպիսկոպոսական կենտրոններից մեկը»։
Հրապարակման մեջ որևէ հիշատակում չկա վանքի հայկական պատմության և Հայ առաքելական եկեղեցու հետ նրա կապի մասին։
«Ազերթաջ»-ը նաև հաղորդում է, որ ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները նախկինում այցելել են Արցախի այլ հայկական վանական համալիրներ, այդ թվում՝ Դադիվանք, որը գործակալությունը ներկայացնում է որպես «հին աղվանական տաճար»։



















