Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Փարիզում թոշակառուների համազգային բողոքի ցույց է անցկացվել։ Նրանք դժգոհում են 2027 թվականի սոցիալական ապահովության բյուջեի նախագծով նախատեսված միջոցառումներից։ Այս մասին հայտնում է «Sortir à Paris»-ը։

Թոշակառուների դժգոհությունն առաջացրել է առաջարկը, ըստ որի՝ կենսաթոշակների լիարժեք ինդեքսավորում՝ գնաճին համապատասխան, կկիրառվի միայն այն անձանց նկատմամբ, որոնց կենսաթոշակային ընդհանուր եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 85 տոկոսը։

Ցուցարարները պահանջում են բոլոր կենսաթոշակների ինդեքսավորում, գործող հարկային արտոնությունների պահպանում և բժշկական օգնության հասանելիության ապահովում։

Բողոքի ակցիայի կազմակերպիչների տվյալներով՝ Փարիզում հավաքվել է շուրջ 30 հազար մարդ։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները փողոց էին դուրս եկել՝ պահանջելով բարելավել ուսումնական հաստատությունների պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել գների աճից դժգոհ քաղաքացիներ, և ցույցերը տարածվել են երկրի այլ շրջաններում։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցը դարձել էր այդ ժամանակահատվածի ամենամարդաշատը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ դրան մասնակցել էր շուրջ 550 հազար մարդ։ Իրավապահները ցուցարարների դեմ կիրառել էին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։