ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ

ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ
ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հայկական դիրքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը, որին զոհ են գնացել չորս եւ վիրավորել եւս չորս զինծառայող։
Տարօրինակ է, որ միջադեպի վայրում չի հիշատակվում համապատասխան սպայի պարտադիր ներկայությունը։ Վերջին շրջանում Հայկական դիրքերում սպանությամբ եւ «ինքնասպանությամբ» զոհվողների թիվը մի քանի անգամ գերազանցում են թշնամու գնդակից զոհվածների թվին՝ հիշեցնելով պատերազմական օրերի խրոնիկա։
Միակ բացատրությունը տվյալ դեպքում կարող է լինել միմիայն բանակում կանոնակարգային հարաբերությունների ամբողջական փոխարինումը կրիմինալ, գողական հարաբերություններով, ուժեղը՝ թույլին, վերադասը՝ ենթականերին անմարդկային վերաբերմուքի եւ դաժան ստորացումների ենթարկելու տարածված ախտով, ինչի սահմռկեցուցիչ կադրերից մի քանիսն այս ընթացքում պատահաբար մատչելի դարձավ ողջ հասարակությանը։

Մարդկային զոհերով ուղեկցվող միջադեպերի նույնականությունը, հաճախականության կտրուկ մեծացումը վաղուց անցել են «մտահոգություն առաջացնելու» աստիճանը եւ «SOS»-ի ազդանշան են՝ ուղղված ողջ հասարակությանը։ Մինչդեռ հասրակական արձագանքները բանակում տիրող քրեածին ու կորստաբեր իրավիճակին «զզվանք» են պատճառում Սերժ Սարգսյանին։

Կատարվածը եւս մեկ անգամ հաստատում է բանակի թեմայով մեր արած հայտարարությունների եզրահանգումները, ինչպես նաեւ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիպուկ գնահատականը, որ՝ «Քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Սերժ Սարգսյանն այսպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ»։

Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես ցավակցելով զոհվածների ընտանիքներին, եւս մեկ անգամ արձանագրում է, որ բանակը անխուսափելիորեն ընդունել է Հայաստանում տիրող ավազակապետական կրիմինալ ռեժիմի բոլոր որակները։ Մեծաթիվ երիտասարդ մարդկային կյանքեր խլող, թավալգլոր, շղթայական ռեակցիայով հաճախացող արյունալի իրադարձությունների առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Ոճրագործ, պետականության ու ազգի համար ինքնասպան այս ընթացքը հնարավոր չէ կանխել ո՛չ պատասխանատու սպաներին, անգամ ո՛չ համապատասխան նախարարներին խստագույնս պատժելով անգամ, մանավանդ, որ նման մտադրության նշույլ անգամ չի նկատվում։ Իրավիճակը ինչպես այս, այնպես էլ կյանքի մնացած բոլոր բնագավառներում կարող է շտկվել միմիայն այդ ամենի սկզբնապատճառի ու հիմքի՝ ավազակապետական, մարդասպան ռեժիմի վերացմամբ, օրինական իշխանության եւ սահմանադրական կարգի հաստատմամբ։ Այսօր դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ու պարտավորությունը՝ որպես ընդհուպ սեփական երեխայի կյանքի երաշխիք։ Այլապես նույն ուղտը այսօր թե վաղը կարող է չոքել ամեն մեկի դռանը՝ անկախ նրա պաշտոնից, դիրքից ու սոցիալական վիճակից։