ՀԱԿ-ի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տարեդարձի արթիվ

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը:
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին այս փառահեղ տոնի կապակցությամբ:

 

Անկախ պետականությունը ազգի ու նրա մաս կազմող յուրաքանչյուր անհատի գոյատեւման ու բարգավաճման առաջին երաշխիքն է: Ժողովուրդների պատմություններն այլ բան չեն, քան պայքար անկախ պետականության ձեռքբերման համար կամ հանուն ունեցած պետականության զարգացման ու հզորացման: Տոնացույցում անկախության օրը համարվում է ամենամեծ տոնը։ Հենց դրա համար է, որ ինչպես անկախության ձեռքբերման, այնպես էլ նրա պահպանման համար բոլոր ժողովուրդները պատրաստ են եղել ամենամեծ զոհողությունների։

Հայաստանի Հանրապետությունը ծնունդից ի վեր ունեցավ ամենասուր խնդիրները եւ ամենածանր մարտահրավերները հետխորհրդային նորանկախ պետությունների մեջ։ Այդ խնդիրները լուծվեցին փառահեղ՝ եթե հաշվի առնենք ծանրագույն երկրաշարժի հետեւանքները, տնտեսական խուլ շրջափակումը, պարտադրված պատերազմը, մեծաթիվ փախստականները, Հայաստանի խիստ սահմանափակ ռեսուրսները։ Խնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայման ամենամեծ ռեսուրսը ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող անսակարկելի օրինակարգ իշխանությունն էր, նրա կողմից հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացումը։ Մի կողմից՝ պատերազմ մղող ու վտանգված Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը կերտած, մյուս կողմից՝ ամենաարմատական բարեփոխումներ իրականացրած երկիրն աշխարհում կարողացավ ստանալ նաեւ «ժողովրդավարության կղզու» համարում։ Հայաստանի անկախությունը փայլուն հանձնեց իր կայացման եւ առաջին քայլերի պատասխանատու քննությունը։

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20 տարին։ Արդեն 10 տարուց ավելի Հայաստանը սողացող մի ընթացքով եկել կանգնել է ներքին, անկախ պետականության համար ամենավտանգավոր մարտահրավերի առջեւ։ Դա անկախության իմաստն ու գործառույթը խեղաթյուրող ոչ օրինակարգ իշխանությունն է՝ իր վաղուց արդեն առարկայացած ու վերահաս ավերիչ հետեւանքներով: Մեր բոլորիս պարտքն է հաղթահարել անկախության ներքին իմաստը խաթարած այս խոչընդոտը ևս` ապագա սերունդներին թողնելու համար իր քաղաքացու շահերը սպասարկող արժանապատիվ ու իրավական պետություն: