Ռոբերտ Քոչարյանը ուռճացնում է իր մասնակցությունը Արցախյան պատերազմին. Fip.am

Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր բողոքի քննության ժամանակ հանդես եկավ ելույթով և հայտարարել է, որ ինքն է ղեկավարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատերազմի ընթացքում։

«ԼՂՀ-ում ամբողջ պատերազմը ղեկավարել եմ այդ երկիրը, այդ երկրի Հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել այդ երկրի Հռչակագիրը և 88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել ամբողջ շարժման ընթացքում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով է Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը։

Արցախյան պատերազմի սկիզբը

Հայ-ադրբեջանական լարվածությունը չի սկսվել միայն Արցախյան պատերազմով, և դեռևս 80-ականների կեսերից նկատելի էր լարվածության որոշակի սրացում։ Այս լարվածությունը ժամանակ առ ժամանակ հանգեցնում էր էթնիկ բախումների, այդ է պատճառը, որ հստակ նշել, թե որ օրվանից է սկսվել Արցախյան պատերազմը, դժվար է։

Թերևս, որպես պատերազմական գործողությունների սկիզբ՝ կարելի է ընդունել 1992 թ․ հունվարի 30-ը, երբ Ադրբեջանի կողմից առաջին անգամ կիրառվեց համազարկային «Գրադ» կայանը, որով Շուշիից գնդակոծվում էր Ստեփանակերտը։ Եվ չնայած դրան՝ կարելի է առանձնահատուկ նշել նաև ադրբեջանական ուժերի կողմից 1991 թ․ գարնանը հայկական մի քանի տասնյակ բնակավայրերի գնդակոծումն ու տեղահանումը։ Այդ ժամանակ արդեն իսկ ձևավորվել էին առանձին ջոկատները, որոնք պարտիզանական պայքար էին մղում ռուս-ադրբեջանական ուժերի դեմ։

Ահա այս առանձին գործող ջոկատների հիմքի վրա էլ ստեղծվում է բանակի միասնական շտաբ, իսկ Արկադի Տեր Թադևոսյանը նշանակվում է բանակի հրամանատար։ 

Նորանկախ Լեռնային Ղարաբաղի առաջին իշխանությունը

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը հրավիրում է արտահերթ նստաշրջան, որում որոշում է կայացվում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։

Արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունենում ԼՂՀ Անկախության հանրաքվեն։ Դրանից մի քանի օր անց՝ 1991 թ. դեկտեմբերի 28-ին, անց են կացվում ԼՂՀ  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ, որոնցում, փաստացի, հաղթում է ՀՅԴ-ն։ 

Առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանը գումարում է 1992 թ․ հունվարի 6-8-ը։ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն ընտրվում է խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ դառնալով Արցախի առաջին առաջնորդը (այդ ժամանակ Արցախը խորհրդարանական կառավարում ուներ)։ Նախագահի տեղակալ էր ընտրվել Գեորգի Պետրոսյանը, Գերագույն խորհրդի քարտուղար` Վլադիկ Հակոբյանը։

Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, որը, լինելով ՀՀՇ-ի արցախյան թևի ներկայացուցիչ, համագործակցում էր այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը գլխավորող ՀՀՇ-ի և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Քոչարյանը, սակայն, պարտվում է Արթուր Մկրտչյանին, և վերջինս է ստանձնում երկրի ղեկավարի պաշտոնը։ 

Արթուր Մկրտչյանի մահից հետո ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1992 թ. ապրիլի 14-ի որոշմամբ ԳԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Պետրոսյանը:

1992 թ. օգոստոսի 15-ին Գերագույն խորհուրդը ստեղծում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ), որին ամբողջությամբ փոխանցվում են գործադիր իշխանության գործառույթները և մասամբ՝ օրենսդիր իշխանության լիազորությունները։ ԼՂՀ ՊՊԿ նախագահ է նշանակվում Գերագույն խորհրդի պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը: 

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 14-ին, հրաժարական է տալիս նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը։ 

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման համակարգ։ Հաջորդ օրը ԼՂՀ Գերագույն խորհուրդը Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ընտրում է ԼՂՀ նախագահ՝  երկու տարի ժամկետով։

Եվ չնայած այն փաստին՝ որ Ռոբերտ Քոչարյանը 1994 թ․ դեկտեմբերի 22-ից է ստանձնում ԼՂՀ նախագահի պաշտոնը, սակայն փաստացի ղեկավարելով 1992 թ․ օգոստոսից ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն՝ համարվում էր ԼՂՀ-ում բարձրագույն իշխանության ղեկավար։ 

Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե պատերազմի ամբողջ ընթացքում ինքն է ղեկավարել ԼՂՀ-ն, սխալ է, քանի որ վերջինս փաստացի ստանձնել է ԼՂՀ ղեկավարի պաշտոնը 1992 թ․ կեսերից, երբ ռազմական գործողություններն արդեն իսկ ամբողջ թափով ծավալվում էին ողջ Արցախի տարածքով։

Հռչակագրի մասին

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը ԼՂՀ Հռչակագրի հեղինակն է․ «Այդ երկրի Հռչակագրի հեղինակն եմ։ Ուղղակի ես եմ գրել այդ երկրի Հռչակագիրը»։ 

Լեռնային Ղարաբաղի ղեկավար կազմը ընդունել է երկու հռչակագիր՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին և 1992 թ․ հունվարի 6-ին ընդունված Անկախության հռչակագիրը։ Թե ո՞ր Հռչակագիրը նկատի ունի երկրորդ նախագահը՝ հայտնի չէ, սակայն երկու հռչակագրերն էլ գրվել են ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հռչակագրերի կազմման գործում ներդրում ունեն այն օրերին Ղարաբաղում քաղաքական գործունեություն ծավալող բոլոր քաղաքական գործիչները, ու Հռչակագրերի կազմման գործը վերագրել բացառապես Ռոբերտ Քոչարյանին սխալ է։

Որոշումների մասին

Խոսելով Արցախյան շարժման ժամանակ իր կարևոր դերակատարության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ոչ մի որոշում առանց իր համաձայնության չի կայացվել։ «88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել ամբողջ շարժման ընթացքում»,- հայտարարել է Քոչարյանը։

Այս պնդումը հերքելու համար վերհիշենք 1988 թ. փետրվարի 20-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարզխորհրդի հրավիրած արտահերթ նստաշրջանը, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Այս որոշման կայացման գործում Քոչարյանը ոչ միայն մասնակցություն չուներ, այլ նաև չէր համարվում ԼՂԻՄ Մարզխորհրդի անդամ։

Ինչպես վերը նշեցինք, 1991 թ․ դեկտեմբերի 28-ին կայացած ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրությունների արդյունքում Գերագույն խորհրդում պատգամավորական մեծամասնություն էր կազմել ՀՅԴ խմբակցությունը, որը սկզբնական շրջանում ընդգրկում էր 27, այնուհետև՝ 35 անդամ։ Իսկ  «Միացում» պատգամավորական խումբը, որի խոսնակն էր հենց Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանում ուներ 19 մանդատ։ Սա նշանակում է, որ նույնիսկ խորհրդարանում Քոչարյանի ներկայացրած քաղաքական միավորը որոշումների կայացման գործում չուներ որոշիչ նշանակություն։

Ամփոփելով՝ փաստենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դատարանի դահլիճում խոսելով Արցախյան շարժման տարիներին իր դերի ու մասնակցության մասին, իրեն է վերագրել ողջ պատերազմի տարիներին Ղարաբաղի ղեկավարումը, Հռչակագրի կազմումն ու այդ տարիներին Արցախի համար բախտորոշ բոլոր որոշումների կայացմանը մասնակից լինելը, մինչդեռ այս հայտարարություններից ոչ մեկը լիարժեքորեն չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

www.Fip.am