Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ չհայտարարված այցի արդյունքները։
Այցի ընթացքում իրականացվել է դպրոցում սովորող և խնամվող երեխաների խնամքի պայմանների, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վիճակի, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող հարցերի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ երեխաների հետ:
Մշտադիտարկման այցի արդյունքում կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
◾Դպրոցի սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ կարիքներին,
◾Հաստատության սանհանգույցներում առկա չեն պատշաճ քանակությամբ հիգիենայի պարագաներ,
◾Ապահովված չեն երեխաների անձնական հիգիենայի պարագաների պահման պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանները,
◾Առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,
◾Չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
◾Խոհանոցում և սննդի պահեստում ապահովված չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
◾Այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սնունդ,
◾Չի ապահովվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով պատրաստի կերակրատեսակի նմուշառում, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառման իրականացմանը,
◾Ապահովված չէ հացի պահման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ,
◾Սահմանված կարգով չեն արձանագրվում երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերը՝ պատշաճ քննության իրականացման և հետագայում նմանատիպ երևույթները կանխարգելելու նպատակով:
Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ հատուկ դպրոցի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է հատուկ դպրոցի տնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ։
Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև հատուկ դպրոցի աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հաղորդագրությունը։