Քաղաքական գործիչների ստերը 2019 թվականին. Fip.am

Քաղաքական գործիչների ստերը 2019 թվականին. Fip.am
Քաղաքական գործիչների ստերը 2019 թվականին. Fip.am
Հեղինակ MediaLab

Անցնող 2019 թվականի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է պաշտոնյաների և քաղաքական գործիչների հարյուրավոր հայտարարություններ ու պնդումներ։ Ամփոփելով տարին՝ ներկայացնում ենք քաղաքական գործիչների կողմից տարվա ընթացքում ասված ստերն ու իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող տարվա ընթացքում մի քանի սուտ հայտարարություններով է հանդես եկել։ Օրինակ, 1000 դրամների հիմնադրամի մուտքերի աճի մասին խոսելով՝ վարչապետը նշել էր, որ 2018 թ. առաջին կեսում փոխանցված գումարների համեմատ այս տարի մուտքերն ավելացել են մոտ 350 մլն դրամով։ Fip.am-ը, սակայն, պարզեց, որ իրականում այս տարվա մուտքերն աճել էին ընդամենը 17 մլն դրամով։

Փաշինյանը նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանը 2019 թվականին Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Այս հայտարարությանն արձագանքեց Արմեն Աշոտյանը և հայտնեց, որ Փաշինյանի հայտարարությունը սուտ է՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է ոչ թե 27, այլ 7 կետով; Fip.am-ը պարզեց, որ Արմեն Աշոտյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ։

Վարչապետը «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2.-ը» ներկայացնելիս մի քանի անհիմն և կեղծ հայտարարություններ արեց։ Նրա խոսքով՝ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ, սակայն Ջրային կոմիտեից հայտնեցին, որ այս տարի ոչ մի խորքային հոր փականային ռեժիմի չի բերվել։ 

Պարզվեց, որ Սևանա լճի ջրի խնայողությունը եղել է ոչ թե 104 մլն խորանարդ մետր, այլ դրա կեսը։ 

Փաշինյանը սխալ տվյալներ է հայտնել նաև թանգարանների այցելությունների, զինվորական ծառայությունից տարեկետում ստացած ուսանողների թվի, կառուցված նախակրթարանների ու մանկապարտեզների մասին։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ զերծ չի մնացել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելուց։ Այսպես, հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարել էր, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումն աճել է 11 տոկոսով և մյուս ուղղություններով ևս գրանցվել է արտահանման աճ։ Fip.am-ը, սակայն, պարզեց, որ դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումը նշված ժամանակահատվածում ավելացել էր ոչ թե 11, այլ 6 տոկոսով, իսկ դեպի Եվրամիության անդամ երկրներ ապրանքների արտահանումը ոչ միայն չէր աճել, այլ նվազել էր մոտ 19 տոկոսով։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց նաև, որ 2018 թ․ նոյեմբերին Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե առաջիկա մեկ-երկու ամսում քաղաքապետարանի հաստիքացուցակում լուրջ կրճատումներ են տեղի ունենալու, չէր համապատասխանում իրականությանը, ավելին՝ հաստիքների քանակն ավելացել էր։ 

Շարունակենք Երևանի քաղաքապետարանի թեման։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունների ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ լրատվամիջոցները չեն լուսաբանել Խաժակյանի՝ քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը։ Մինչդեռ, Fip.am-ը պարզեց, որ Խաժակյանի այդ հայտարարությանն անդրադարձել էին Առաջին ալիքը, «Շանթը», «Ազատությունը» և մի քանի տասնյակ առաջատար լրատվական կայքեր։

Մեկ այլ ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել քաղաքական միավոր, որը գոնե մի հատ թերթ չունենա։ Միակ այդպիսի ուժը, ըստ Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանն» է։ Fip.am-ը, ուսումնասիրելով Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր խորհրդարաններում ներկայացված քաղաքական ուժերի ու մեդիայի միջև կապերը, պարզեց, որ այդպիսի երկու քաղաքական ուժ է եղել նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ «Ազգային Միաբանությունն» ու «Ժառանգությունը», իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գոնե վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ուներ 1in.am լրատվական կայքի աջակցությունը։

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս հայտնվեց մեր խոշորացույցի տակ։ Վերջերս Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ Աբովյան 5 հասցեում տարիներ շարունակ կառուցվող հյուրանոցի շինարարական աշխատանքների ձգձգման պատճառը քաղաքապետի գործունեությունն է, մինչդեռ Fip.am-ը պարզեց, որ հյուրանոցի կառուցումը դանդաղում է ոչ թե քաղաքապետի գործունեության, այլ հարուցված դատական գործերի հետևանքով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս զերծ չմնացին անցնող տարում կեղծ հայտարարություններից։ Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, թե պոլիկլինիկաների տնօրեններից պահանջում են հրաժարական տալ, «թե չէ հայտնի հետևանքներ կլինեն»։ Մենք պարզեցինք, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվել են ընդամենը 2 պոլիկլինիկայի տնօրեն, որոնցից մեկն աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն, իսկ մյուսի պարտականությունները ժամանակավոր դադարեցվել են՝ հիմք ընդունելով Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործը, որում վերջինս ներգրավվել է մեղադրյալի կարգավիճակով։ Ինչ վերաբերում է մյուս պոլիկլինիկաների տնօրեններին, ապա մեր հետ զրուցած բոլոր տնօրենները հերքեցին և նույնիսկ զարմացան մեր այն հարցից, թե արդյո՞ք իրենց աշխատանքից ազատվելու մասին պահանջ է ներկայացվել։

«Իմ քայլը» դաշինքից իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ է հանդես եկել Վահագն Հովակիմյանը, որը հայտարարել էր, որ 2018 թ․ արտահերթ խորհրդարանական և 2017 թ․ ԱԺ ընտրություններին կար նույն իրավական դաշտը, և նույն օրենսդրական դաշտի պայմաններում գրանցվել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Սակայն այս հայտարարությունն անելիս պատգամավորը մոռացել էր նշել, որ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո և դեռևս նախորդ գումարման ԱԺ-ի օրոք՝ 2018 թ․ սեպտեմբերին, փոխվեց Քրեական օրենսգիրքը, որով մի շարք ընտրակեղծիքներ դարձան քրեորեն պատժելի, խստացվեց նաև վարչական ռեսուրսի չարաշահման համար նախատեսված պատիժը։

Կեղծ հայտարարություններով աչքի են ընկել նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Մասնավորապես, դաշնակցական Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով 2017 թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ Fip.am-ի կողմից 114 դպրոցների տնօրենների վերաբերյալ իրականացված հետաքննությանը, հայտարարել է, որ այդ ժամանակ ՀՅԴ-ն կառավարության կազմում նախարար չուներ, մինչդեռ 2016-ից մինչև 2018-ը կրթության և գիտության նախարար էր դաշնակցական Լևոն Մկրտչյանը։

Նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենց իշխանության տարիներին Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ում որևէ հակահայկական ձևակերպում չի անցել։ «Փաստերի ստուգման հարթակը» հիշեցրեց մի քանի հակահայկական բանաձևեր, որոնք մտել էին ԵԽԽՎ նստաշրջան հենց ՀՀԿ-ի իշխանության օրոք։

Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Էդուարդ Շարմազանովը, ևս զերծ չի մնացել կեղծ տեղեկություններ հայտնելուց։ Վերջինս հունիսին հայտարարել էր, որ աշխատատեղերը պակասել են, սակայն Fip.am-ը պարզեց, որ իրականում 2018 թվականի մարտին համեմատ՝ 2019 թ. մարտին գրանցված աշխատողների թիվն աճել է շուրջ 32 հազարով։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս բազմաթիվ անգամներ է հայտնվել մեր ուշադրության կենտրոնում։ Ամենից հիշարժանը, թերևս, Աշոտյանի այն պնդումն էր, թե երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց 7 շրջան զիջելու մասին ուղիղ հայտարարություն չի արել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հիշեցրեց 2016 թվականի նոյեմբերին «Սպուտնիկին» տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանը հստակ ասում է, որ այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ 7 ադրբեջանական շրջանները, հայկական ուժերը պատրաստ էին թողնել, հեռանալ։

Չնայած այն փաստին, որ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանն աշխատում է սահմանափակել իր շփումները լրատվամիջոցների հետ, սակայն տարվա ընթացքում Սարգսյանը հասցրեց ասել մի սուտ, որն արժանի է հիշատակման։ Նախկին նախագահը հայտարարեց, որ երբեք չի փոխել իր որոշումերը։ Fip.am-ը հիշեցրեց երեք դեպք, երբ Սարգսյանը փոխել էր իր որոշումները։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի քանի հայտարարություններին ևս Fip.am-ը անդրադարձավ։ Մի դեպքում նա հայտարարել էր, որ երբ դարձել է Ղարաբաղի ղեկավար, Ղարաբաղն այդ ժամանակ ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Մեկ այլ դեպքում հայտարարեց, որ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում ինքն է ղեկավարել ԼՂՀ-ն, ինքն է համարվում այդ երկրի անկախության հռչակագրի հեղինակն և որ առանց իրեն ոչ մի որոշում չի կայացվել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Քոչարյանի այս հայտարարությունները սխալ էին, և 1992-ի օգոստոսին, երբ Քոչարյանը դարձավ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, ԼՂ-ն արդեն իսկ հայտարարել ու հանրաքվեի միջոցով ամրագրել էր իր անկախությունը։

Քոչարյանը հայտարարել էր նաև, որ իր և իր ընտանիքի բոլոր անդամների բանկային հաշիվները սառեցվել են։ Այս հայտարարությունն անուղղակիորեն հերքեց նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը պարզաբանեց, որ սառեցված են միայն Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հաշիվները։

Ամփոփելով տարվա ընթացքում քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարությունները՝ փաստենք, որ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես են գալիս և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները։ 

Սևադա Ղազարյան

www.Fip.am