Գլխավոր դատախազին ՍԴ հարցով ցուցում չի տրվել․ Դատախազությունը հերքում է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ։

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավել ևս նման բովանդակությամբ, առավել ևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ նման նպատակներով կամ օրակարգով որևէ խորհրդակցություն կամ ժողով չէր էլ կարող լինել։

Այս կեղծ տեղեկատվությունը, որը կրում է ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին վարկաբեկելու նպատակ։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներիս հորդորում եմ տուրք չտալ նման խայծերին՝ միջոցներ ձեռնարկելով դրանց արժանահավատությունը նաև պաշտնկան աղբյուրների միջոցով ստուգելու ուղղությամբ։ Իսկ ընթերցողներին, սոցիալական մեդիայից օգտվող մեր քաղաքացիներին հորդորում եմ չընկնել նմանատիպ մանիպուլյատիվ տեղեկատվական հնարքների սարդոստայնը»։