Ես վստահ եմ, որ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ հուշագիր չստորագրի. Իշխան Սաղաթելյան

Մենք կողմ էինք հենց Հանրապետության նախագահի առաջարկած ձևաչափով և մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպումը համարում ենք ձևական, անիմաստ և անբովանդակ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը, թե Հայրենիքի փրկության շարժման կազմում ընդգրկված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե եթե Փաշինյանը համաձայնի հրաժարական տալ, իրենք կգնան արտահերթ ընտրությունների, արդյոք հակասություն չկա՞ ՀՓՇ-ի և ԲՀԿ-ի միջև, Սաղաթելյանը արձագանքեց.

«Բացարձակ: «Բարգավաճ Հայաստանը» իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է: Շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացման հարցում: Բայց մենք ունենք կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»:

Նրա խոսքով, Փաշինյանը կարող է ազատորեն հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, եթե այլ նպատակ չի հետապնդում:

«Ես վստահ եմ, որ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ հուշագիր չստորագրի», -հայտարարեց Սաղաթելյանը:

Դաշնակցական գործիչը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները լինելու են «ոչ մրցակցային, անվստահելի, ու ճգնաժամը ավելի է խորանալու»:

Անդրադղառնալով Հայրենիքի փրկության շարժման հետագա գործունեությանը, Սաղաթելյանն ասաց, որ շարժումը շարունակում է գործել, փողոցային անհնազանդության ակցիաները՝ նույնպես: