Երկու պատերազմ. տարբերություն և անտարբերություն

Մհեր Արշակյան

Հայաստանի և Ուկրաինայի մղած պատերազմներում, այնուամենայնիվ, տարբերություն կա։ Եվրոպան մեզ չքցեց։ Մեզ ոչ մեկը, Փաշինյանից բացի, չէր ոգևորում թշնամու դեմ կռվում։ Փաշինյանն այսօր էլ հաճույքով կարող է կանգնել Եվրոպայի առաջ ու խոսել առաջնորդների հետ։ Զելենսկու համար դա դժվար է լինելու։ 

Փաշինյանը խոսում է մեր դեպքում ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասին։ Ու ՀԱՊԿ-ի հետ նստում է նույն սեղանի շուրջ, որովհետև ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց ոչ թե պատերազմում, այլ՝ պատերազմից հետո։ Հայաստանը դիմադրեց 44 օր։ Ուկրաինան երկրորդ օրն արդեն խոսում է Ռուսաստանի հետ երկխոսության մասին, այսինքն՝ պատրաստ է կապիտուլացվելու։

Հայաստանը թիկունք չուներ, Ուկրաինան ուներ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։ Հայաստանին ոչ մեկը չէր էլ պատրաստվում ասել, որ Ադրբեջանի հետ ճակատամարտում դու ոչ մի շանս չունես, Ուկրաինային կարող էին ասել, Ուկրաինան ինքը կարող էր գլխի ընկնել։ Հայաստանում գլխի ընկնողները հազիվ մի 5-10 հոգի էին։ 

Ընդհանրությունն այն է, որ երկուսին էլ պատերազմը պետք էր սեփական ժողովրդին ցույց տալու համար, որ դրանք մղվում են մենակ ու ոչ մեկից ոչինչ պետք չէ սպասել։ Հայաստանի պարտությանը ոչ մի պատժամիջոց չհետևեց, թեպետ 44-օրյա պատերազմում ներգրավված էր միջազգային ահաբեկչությունը։ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանը կվճարի շատ թանկ։ Արցախյան պատերազմում Ռուսաստանը «խաղաղարար» էր, որին նախ պատերազմն էր պետք։ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանն ագրեսոր է, որին պատերազմն այնքան էլ պետք չէր, բավական է, որ Զելենսկին գլխից հաներ ՆԱՏՕ մտնելու գաղափարը։ 

Ուկրաինայի հետ պատերազմից հետո Ռուսաստանը Զելենսկուն կարող է թելադրել մտքով անցած ցանկացած քմահաճույք, ասենք՝ փակիր ԱՄՆ դեսպանատունը, պաշտպանության նախարար նշանակիր նրան, որին կասեմ։ Հայաստանի դեպքում տեսականորեն նման պահանջ ներկայացնելը դժվար է, եթե, իհարկե, ներկայացնելուն հետևած մեր մերժման գինը Ղարաբաղի մնացած հատվածը կորցնելը չէ կամ թեկուզ գազի գնի աղետալի բարձրացումը, կամ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, որի ժամանակ ոչ մի պետություն մեզ չի աջակցի։ 

Երկու երկրների պատերազմներում նմանությունը նրանց առաջնորդներն են, երկուսն էլ իրենց ժողովրդին տարան պատերազմի, ավելի ճիշտ՝ ոչ թե տարան, այլ չգտնվեց մեկը, որ ասեր՝ պատերազմը մեր խելքի բանը չէ։ Երկուսն էլ հույս ունեին միջազգային աջակցության, երկուսն էլ չկարողացան «կարդալ» համաշխարհային բևեռների նոր դասավորության այբուբենը։ Երկու երկրներն էլ չեն խուսափի նոր Միութենական պայմանագրին միանալու ռուսական պահանջից, հարկ եղած դեպքում այդ պահանջից չեն խուսափի նույնիսկ Ադրբեջանն ու Վրաստանը։ Ռուսաստանը նոր քարտեզ է գծում խորհրդային սահմաններով, որտեղ արտաքին սահմանները հին են, իսկ ներքին սահմանները (Ղրիմը, Լուգանսկը, Դոնբասը)՝ նոր։ 

Երկու երկրների դեպքում էլ ժողովրդավարությունը չօգնեց ունենալ հիմնովին ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Նույնիսկ եթե դու այն ունես արդեն 30 տարի, մի պատերազմով այն կարելի է վերացնել, ասենք՝ 70 տարով։ Թող լինեմ վերջին բայղուշը, բայց երկու պատերազմներն էլ երկու երկրներում զարկ կտան մի արտագաղթի, որում էական չեն Հայրենիքի սոցիալական բարեկեցությունն ու «քաղցր կյանքը»։

Մհեր Արշակյան

MediaLab.am