Երևանի քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը. Խոսնակ

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը։