Միջոցառումնե՞ր. ընդդիմության հանրահավաքներին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանը մեկ ամսով կրկին փակում է Ազատության հրապարակը

Հեղինակ MediaLab

Ըստ ամենայնի, այս անգամ ևս ընդդիմադիր ՀԱԿ-ը չի կարողանա հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, թեև մի քանի օր առաջ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ փետրվարի 18-ին Կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:
Հունվարի 31-ի առավոտյան, սակայն, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է մի հաղորդագրություն, ըստ որի փետրվարի 15-ից մարտի 10-ը քաղաքապետարանը Ազատության հրապարակում մարզական և մշակութային միջոցառումներ է անցկացնելու:
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.01.2011 թ. որոշմամբ ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի 25.01.2011 թ. իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 27.01.2011 թ. իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ»,- գրված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնի դարձավ «Մեդիալաբին», ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հունվարի 31-ի առավոտյան փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Հանրահավաքից հետո ընդդիմությունը նախատեսում է երթ անցկացնել, որը ևս պետք է ավարտվի Ազատության հրապարակում: Ըստ օրենքի` իրազեկումը պետք է քննարկվի երկու օրվա ընթացքում:

Քաղաքապետարանի դիրքորոշումն այդ հարցում փաստորեն արդեն հայտնի է, իսկ ո՞րն է լինելու Կոնգրեսի պատասխան քայլը կամ որոշումը` քաղաքապետարանի այսօր հրապարակված հաղորդագրությանը, առայժմ որևէ տեղեկություն չկա:

Համենայնդեպս, կարելի է փաստել, որ Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի վրա այս հարցում չեն ազդել անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հորդորները:

Հունվարի 14-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, խոսելով մայրաքաղաքում երթերի և հանրահավաքների անցկացման հարցերի մասին, դրական էր գնահատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարևորելով օրենքի պահանջների պահպանումը:

Երևանի նոր քաղաքապետն այդ հանդիպման ընթացքում, ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, «վստահեցրել էր, որ զանգվածային միջոցառումների իրազեկման քննարկումները և որոշումների կայացումը լինելու են սահմանված ընթացակարգով, բաց և թափանցիկ»:

Այդ հանդիպումից երկու շաբաթ անց, սակայն, նոր քաղաքապետի կայացրած որոշումը ցույց տվեց, թե հանրահավաքների ազատության հարցում իշխանություններն իրականում ի´նչ դիրքորոշում ունեն:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am