Օպերայի տարածքում սրճարանների գործունեությունն արտոնած մեղավորները պետք է բացահայտվեն. Ստեղծված իրավիճակի շուրջ

Օպերայի  տարածքում սրճարանների գործունեությունն արտոնած մեղավորները պետք է բացահայտվեն. Ստեղծված իրավիճակի շուրջ
Օպերայի տարածքում սրճարանների գործունեությունն արտոնած մեղավորները պետք է բացահայտվեն. Ստեղծված իրավիճակի շուրջ

Օպերայի շենքի տարածքում սրճարանների գործունեության հարցով պետք է վերանայվեն նաև նախկին իշխանությունների կողմից տրված թույլտվությունները, մեղավորները պետք է բացահայտվեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

«Ընդհանրապես պետք է վերանայվի նախկին իշխանության՝ հանրային տարածքներն օտարելու ամբողջ մեխանիզմը, թե ինչպես է դա արվել, ովքեր են պատասխանատու, և ինչ լծակներ են դրա համար գործել»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ամբողջ պատկերը պետք է վերականգնվի, որպեսզի պարզ դառնա, թե ի վերջո ովքեր են մեղավոր:

«Նույն սրճարանատերերը նաև նախկին համակարգի զոհն են, որովհետև համակարգն է թույլ տվել, որ իրենք կարողանան այդ տարածքները վերցնել: Դրա համար մեզ համար շատ կարևոր է հասկանալ՝ այդ մեխանիզմն ինչպես է գործել, ովքեր են պատասխանատուները, և արդյոք գործել է կոռուպցիոն մեխանիզմների շղթան, թե՞ պաշտոնեական դիրքի չարաշահման տեսանկյունից վերադաշի ճնշումներ են եղել: Հնարավոր է, որ նույնիսկ մեկ զանգով են դա կարգավորել»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ շատ դժվար է այսօր մարդկանց համոզել, որ Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների գործով սեփականության իրավունքի խախտման հարց չկա, այլ դրված է հանրային տարածքների օտարման ապօրինության հարցը:

«Դա շատ կարևոր հարց է, որովհետև գործարար աշխարհի կողմից անվստահություն է ներմուծվում, երբ կոնկրետ խնդիրը չի բացատրվում: Իսկ դրա համար պետք է վերհանել ամբողջ պատկերը: Ինձ համար մեծ խնդիր է, որ մինչև այսօր նախկին իշխանությունների ամբողջ գործելաոճին դեռևս քաղաքական և իրավական գնահատական չի տրված: Դա նշանակում է, որ մենք հստակ գիծ չենք գծել նախկին և նոր համակարգերի միջև, և դա խնդիր է առաջացնելու տարբեր որոշումների մեկնաբանության տեսանկյունից»,- նկատում է նա:

Նշենք, որ Օպերայի տարածքում այս օրերին ապամոնտաժվում է սրճարանների մի մասը միայն, մյուսները շարունակելու են գործել: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե վերականգնվի ամբողջ պատկերը, թե ինչպես են տրվել այդ թույլտվությունները, պարզ կդառնա, թե որ սրճարաններին ի սկզբանե չպետք է թույլտվություն տրվեր: Եվ հետագայում ևս ամբողջ տարածքի համար որոշումների կայացումը կլինի օրինականության շրջանակներում և որևէ մեկնաբանությունների առիթ չի հանդիսանա:

«Հանրային տարածքների խնդիրը տարիներ շարունակ եղել է կամայական որոշումների տիրույթում: Եվ եթե հղում են անում հանրային տարածքների անխախտելիությանը և այդ իրավունքի վերականգնմանը, միանգամից ավելի շուտ սեփականության իրավունքի գերակայություն է դիտարկվում, քան հանրային տարածքների պաշտպանություն: Դրա համար շատ կարևոր է, որ այդ պատկերը վերականգնվի, և հարցը հանրայինի տակ դիտարկվի, որովհետև մենք բավական լուրջ խնդիր ենք ունեցել նաև գերակա հանրային շահի հետ կապված: Դա ևս պետք է տարանջատվի, որովհետև գերակա հանրային շահի անվան տակ, մենք գիտենք, թե մարդկանցից ինչ սեփականություն է խլվել: Դա շատ կարևոր, նուրբ հարց է, թե որ պարագայում որն է գերակա»,- ասում է նա:

Երևանի ավագանու «Լույս» դաշինք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նույնպես անհրաժեշտություն է համարում նախկիններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Քաղաքապետն ասաց, որ նյութերը, որոնք կարող են պարունակել հանցակազմ, ուղարկվում են քննչական մարմիններ: Ներքին փաստաթղթաշրջանառությունից է հնարավոր վերհանել, թե ինչքանով է եղել անօրինական գործընթաց, ինչը, կարծում եմ, արվել է»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Խաժակյանը:

Նա նշում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Օպերայի շենքի հանրային տարածքների հետ, անթույլատրելի էր: Նախկին կանաչապատ տարածքները կոպեկներով վարձակալության են տրվել որոշ անձանց, իսկ այդ գործընթացը կարող էր կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Ավագանու անդամի խոսքով՝ գործընթացը իրավական դաշտում պետք է լուծում ստանա:

«Եթե ես լինեի քննչական մարմին, կպատրաստվեի դա բացահայտելու ուղղությամբ քայլեր անել, բայց որպես ավագանու անդամ՝ ես լսել եմ քաղաքապետի հայտարարությունը, որ նյութերն ուղարկվում են դատախազություն կամ քննչական մարմիններ, և վերջիններն արդեն կպարզեն՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ: Իմ ունեցած գործիքակազմով շատ տարիներ առաջ տրված թույլտվություններում հնարավոր չէ հանցակազմ գտնել կամ չգտնել»,- ասում է Խաժակյանը:

Անդրադառնալով հարցին, որ սրճարանների մի մասը շարունակելու է գործել Օպերայի տարածքում, Դավիթ Խաժակյանն նշում է, թե քաղաքապետը հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակահատվածում դրանք էլ պետք է ապամոնտաժվեն:

«Ես կարծում եմ, որ մինչև սեզոնի մեկնարկը պետք է բոլորի հարցերը լուծվեն, որպեսզի հավասարությունն ապահովվի: Այսինքն՝ եթե մինչև ամառ ապահովվի ապամոնտաժումը, հավասարությունը կպահպանվի»,- շեշտում է նա:

Ըստ Խաժակյանի՝ քաղաքապետարանի կողմից պետք է հրապարակվի ճանապարհային քարտեզ, ըստ որի երբեմնի կանաչապատ տարածքները պետք է ազատվեն բետոնապատ սրճարաններից կամ շինություններից: Դա պետք է լինի կանխատեսելի գործընթաց, ժամանակացույցն էլ պետք է հրապարակվի նախօրոք:

Լուսանկարը` «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am