Մարիաննա Մխիթարյանն ընտրվել է ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Հեղինակ MediaLab

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը:

Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց):

Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի:

1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր:

1996-1998թթ. դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան: 2008-2016թթ. աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միությունում՝ որպես քարտուղարը:

2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է: 2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):

2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին: 2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: 2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։ 2020թ. հունվարից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայություն