Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիք կա, որ հանգիստ խղճով կարելի է անվանել կոռուպցիայի խոսափող․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիք կա, որ հանգիստ խղճով կարելի է անվանել կոռուպցիայի խոսափող: Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ հեռուստատեսության ոլորտի մենաշնորհին։

«Հեռուստատեսային շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը։ Ես չեմ հիշում ինչ ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները և այդ գովազդային գումարները բաշխում է ըստ վարկանիշերի։

Այսինքն՝ ըստ էության հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է։ Եթե ենթադրենք, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերությունների և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ Եվ պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո։ Եվ մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ՀԿ-ներն ու լրատվամիջոցները նույնպես պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։

Նա ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան։ «Նույնիսկ կարելի է  գրել՝ Կոռուպցիա գրուպ ընկերությունը ներկայացնում է լուրերի թողարկումը։ Բայց մենք դժգոհ չենք, որովհետև այդպիսի հեռուստաընկերության գոյությունը ոչ միայն հիմնական կոռուպցիոներներին է բացահայտում, այլ նաև նրանց շոշափուկներին ու մետաստազներին։ Այսօր հեռուստատեսություն կա, որ պարտադիր որևէ քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից հարցազրույց է տալիս և մեր ժողովրդին բացատրում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,- ասաց Փաշինյանը։