Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա․ Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ին. Տեսանյութ

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, հարցրեց․ «Պարոն Աբովյան, իսկապես չե՞ք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, թե չեք հասկանում»։ Նա նշեց, որ եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողականի, «բիսեդկայի», «քուչի» մակարդակի, ապա բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաև իրենց։ «Ուզում եմ ասել, այո՛, երեք տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա, պայքարում ենք։ Դրա մասով էլ կան նաև հոդվածներ, բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են իջեցնում»,- ասաց Կոնջորյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա ասաց, որ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեն։ Ապա ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշեց, որ իր կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանի» անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։