Հայաստանում չօգտագործվող հողերը կփոխանցվեն ֆերմերներին, որոնք պատրաստ են դրանք մշակել

Ողջ Հայաստանի տարածքում չօգատգործվող հողերը կարող են վարձակալության հանձնվել ֆերմերների, որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսի զարգացմամբ և տնտեսությունների խոշորացմամբ։ Դա դրական կազդի ինչպես գյուղերի բնակիչների, այնպես էլ ընդհանուր առմամբ ագրոբիզնեսի զարգացման վրա։ Այսպես է կարծում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չօգատգործվող հողատարածքների հարցը կառավարությունում առաջին անգամ չէ քննարկվում։ Սակայն այս անգամ արդեն դրանց օգտագործման պլանը ներկայացվեց։

Կառավարությունն առաջարկում է հողատարածքները վարձակալել սեփականատերերից և վարձակալությամբ հանձնել այն տնտեսվարողին, որը պատրաստ է դա մշակել։

Էկոնոմիկայի նախարարությունը  չօգտագոգրծվող հողերը վարձակալությամբ հանձնելու մեխանիզմների մասին արդեն համապատասխան օրինագիծ է մշակել։ Նախարարների կաբինետն այն հաստատել է։

Ո՞րն է նախագծի իմաստը

Այսօրվա դրությամբ Հայաստանի ողջ տարածքում հողատարածքներ կան, որոնք վաղուց ոչ ոք չի օգտագործում։ Դրանց տերերը կամ վաղուց Հայաստանից դուրս են գտնվում, կամ հողի մշակումը ոչ եկամտաբեր են համարում։

Հայաստանում ընդհանուր առմամբ 513 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր կան։ 389 հազար հեկտարը ֆերմերների հողատարածքներն են։ Դրանցից մշակվում է միայն 220–ը, ոռոգվում՝ լավագույն դեպքում կեսը։

Այդ առնչությամբ վարչապետն առաջարկել է գործողությունների հետևյալ պլանը․

«Մենք չենք խլելու այդ հողն, այլ այն վարձակալության ենք առնելու և փոխանցելու նրանց, ովքեր պատրաստ են դրա վրա աշխատել։ Իսկ սեփականատիրոջը վարձավճար ենք վճարելու, որի մեծությունը կսահմանենք՝ ըստ մարզերի և հողի տեսակների»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս գործընթացը պետք է բացարձակ թափանցիկ անցկացվի, իսկ քննարկումները պետք է բաց լինեն բոլոր կողմերի համար։ Նա նախապես վստահ է, որ հասարակությունում այս նախագիծը սկզբից սուր արձագանք է առաջացնելու, քանի որ վերաբերում է տասնյակ հազարավոր մարդկանց շահերին։ Սա հաշվի առնելով՝ կառավարությունն, ըստ վարչապետի, ճկունություն կցուցաբերի․

«Պետք է փոխզիջումային տարբերակ գտնել, որը հաշվի է առնում ֆերմերների, բիզնեսի և պետության շահերը, որպեսզի մեկին մյուսի հաշվին չօգնենք։ Սակայն դժվար որոշումներից այստեղ խուսափել չի լինի»։

Ընդ որում, ի սկզբանե հասկանալի է, որ ֆերմերները, որոնք կցանկանան մշակել այդ հողերը, կարող են դժվարության բախվել․ այդ հողակտորները շատ են կտրված իրարից։ Խորհրդային Միության փլուզումից և կոլտնտեսությունների վերանալուց հետո ֆերմերներին հողամասերը բաշխվել են 0,3 – 0,4 հեկտարով։ Եվ եթե որևէ մեկը ցանկանա, օրինակ, գնել միանգամից 20 հեկտար՝ խոշոր նախագիծ սկսելու համար, նա պետք է կարողանա պայմանավորվել մի քանի սեփականատիրոջ հետ։

Չօգտագործվող հողերի տերերը կպատժվե՞ն

Այս խնդիրը քննարկվում է 2019-ի ամառվանից։ Հուլիսին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը հայտարարել էր հողային օրենսդրության մեջ բարեփոխումներ կատարելու մտադրության մասին, որոնք պատիժ են նախատեսում լքված հողատարածքների տերերի համար։

Նա նշել էր, որ Հայաստանում հողերը չեն մշակվում հիմնական հետևյալ պատճառներով․

• միջոցների սղություն,

• ոռոգման ջրի պակաս,

• ցածր եկամտաբերություն,

• գյուղտեխնիկայի բացակայություն տեղերում։

Այս խնդիրները լուծելու համար, 2020-22 թթ–ին փոփոխություններ են պլանավորվում Հողային օրենսգրքում։ Համապատասխանաբար, հստակ արձանագրվելու են այն դեպքերը, երբ հողի չօգտագործման համար տերը պատասխանատվություն է կրելու։

Աղբյուրը՝ JAMNEWS