ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով հռչակագիր է ընդունվել

Սեպտեմբերի 6-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ընդունվել է հռչակագիր` նվիրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հռչակագիրը շրջանառության մեջ է դրել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել եւ Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով` մերժելով ուժի կիրառման որեւէ վտանգ: ԽՎ-ն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ»,- նշված է հռչակագրում:

Ըստ հռչակագրի, «ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների լավագույն ձևափաչն է»: Հակառակ վերոհիշյալի, սակայն, ըստ հռչակագրի Ադրբեջանը շարունակում է «Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը, (ամենավերջին օրինակն է հայկական միջնադարյան գերեզմանոցի եւ Ջուղայի հազարավոր խաչքարերի ավերումը), մերժել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մերժել բանակցություններ վարել ԼՂ խնդրի հիմնական կողմի ներկայացուցիչների հետ»:

«Ադրբեջանը շաունակում է վարել իր պետության ռազմականացման վտանգավոր քաղաքականություն՝ օգտագործելով ռազմատենչ, ատելություն սերմանող ելույթներ՝ ուղղված բոլոր հայերի, այդ թվում ամենաբարձր ատյանների ներկայացուցիչների դեմ, ձերբակալել այն քաղաքացիներին, ովքեր ղարաբաղյան պատերազմի հարցում չեն կիսում պաշտոնական դիրքորոշում` առավել ակնառու դեպքերից է Էյնուլլա Ֆաթուլլաևի գործը, կազմել մարդկանց անունների «սև ցուցակներ», ներառյալ Վեհաժողովի այն անդամներին, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ»,- նշված է հռչակագրում:

Ըստ հռչակագրի, որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 29 պատգամավորներ` այդ թվում հայաստանյան պատվիրակության չորս անդամները,  Խորհրդանական Վեհաժողովը Ադրբեջանից պետք է պահանջի, հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները:

© Medialab.am