ՀՀ ճարտարապետների պալատի հայտարարությունը՝ Վահագն Վերմիշյանի գործի մասին

ՀՀ ճարտարապետների պալատի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերի զարգացումներից, մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կոռուպցիոն գործընթացների մեջ կասկածանքով ձերբակալման՝ հանրությանը տեղեկացված փաստի առնչությամբ, Հայաստանի ճարտարապետների պալատն իր խորը մտահոգությունն է հայտնում, համարելով այն արդեն իսկ բարոյական մեծ հարված մասնագիտական հանրության վարկանիշին։

Համոզված լինելով, որ կատարվածը կստանա իր անաչառ իրավական գնահատականը, մերժելի և դատապարտելի ենք համարում հանրային պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերների կողմից պաշտոնի չարաշահման բոլոր դեպքերն ու երևույթները թե՛ նախկինում և թե՛ առավել ևս՝ այժմ նոր Հայաստանում:

Բացառելու համար ապագայում նմանատիպ դեպքերը կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ականջալուր լինել ու պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի ճարտարապետների պալատի ու դրա անդամների կողմից բազմիցս հնչեցված մտահոգություններին ու առաջարկություններին և օր առաջ նախաձեռնել դրանց լուծմանը միտված խորքային բարեփոխումների աշխատանքները։

Հայաստանի ճարտարապետների պալատը, որպես ինքնակարգավորման սկզբունքով միավորված մասնագետներին՝ ճարտարապետներին և ճարտարագետ-կոնստրուկտորներին ներկայացնող ընդգրկուն միավորում, «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով և առհասարակ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու և աջակցելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մասնագիտական խնդիրների քննարկմանն ու լուծմանն ուղղված աշխատանքներին։

Միաժամանակ հայտնում ենք, որ պալատը պատրաստ է ներկայացնել ոլորտը ճգնաժամից դուրս բերելուն միտված սեփական տեսլականը, ինչպես նաև մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ճանապարհային քարտեզը»։