Այսօր գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է։

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար հնարավորությունների ապահովումը գենդերային ռազմավարության առաջնահերթություններից է։

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, ասպիրանտուրա ընդունվածների մեջ կանայք կազմում են 52.4 տոկոս, սովորողների մեջ՝ 57.5 տոկոս, սակայն ասպիրանտուրան ավարտողների և գիտական աստիճան ստացողների մեջ կանանց տոկոսը զգալի իջնում է՝ դառնալով 38.8 տոկոս։Սովորելու, բայց գիտական աստիճանի ստացմանը չհասնելու պատճառները բացահայտում են այն հիմնական խնդիրները, որ կանայք ունենում են գիտության մեջ առաջխաղացում ունենալու ճանապարհին՝ սկսած ընտանեկան պարտականությունների հետ համատեղման խնդիրներից, մինչև հաճախ չգրված, բայց գործող խտրական վերաբերմունքը։

Գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող եւ գիտական աստիճան ունեցող մասնագետ-հետազոտողների կազմում գիտության թեկնածու կանայք կազմում են 48.3 տոկոս, գիտության դոկտոր կանայք ՝21.5 տոկոս։

Դեռևս պահպանվում է սեռային էական անհամամասնությունն ըստ մասնագիտությունների։

Սակայն կան նաև դրական զարգացումներ։ Կանանց գնալով աճող ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ակտիվությունը այլ ոլորտներում վստահաբար առաջիկայում իրավիճակ է փոխելու նաև գիտության մեջ»։