Մութալիբովն իրոք ադրբեջանցիներին է կասկածել Խոջալուի համար․ Փաշինյանը ճիշտ է. Fip.am

Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե 1992 թվականին հայկական նախկին ռեժիմը պատերազմական հանցագործություն՝ «ցեղասպանություն» է իրականացրել Խոջալուում:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր՝ նշելով, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը այլ մեկնաբանություն էր տվել այդ իրադարձություններին։ «90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական Аргументы и факты-ին՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: Այդպես էլ տեղի ունեցավ: Այդ իրադարձության հետևանքով Մութալիբովը հեռացվեց նախագահի պաշտոնից»,- ասել էր Փաշինյանը:

Ալիևը, իր հերթին, արձագանքել էր Փաշինյանին՝ նշելով, որ Մութալիբովը քաջառողջ է, Բաքվում է ապրում և բազմիցս ասել է, որ երբևէ չի ասել, որ Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպել են ադրբեջանցիները: «Դա ֆեյք նյուզ է, որը հորինել են հայ որոշ լրագրողներ Ռուսաստանում»,- ասել էր Ալիևը: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք Փաշինյանի նշած հարցազրույցը գոյություն ունի, և արդյո՞ք Այաս Մութալիբովն իսկապես հայտարարել է, որ Խոջալուի իրադարձությունների կազմակերպիչն ադրբեջանական ընդդիմությունն էր։

Խոջալուի դեպքերի մասին

1992 թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Ստեփանակերտին մոտ գտնվող Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել Ադրբեջանի՝ Խոջալուում գտնվող կրակակետերը, որտեղից հայկական բնակավայրերը շարունակ հարձակման էին ենթարկվում: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողել էին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Գործողության արդյունքում հայկական ուժերն ազատել էին 13 հայ ռազմագերի, այդ թվում` 1 երեխա և 6 կին:

Ըստ ադրբեջանական կողմի մեղադրանքների՝ հայկական կողմը Խոջալուում սպանել է հարյուրավոր ադրբեջանցիների, ընդ որում՝ տարբեր պետական կառույցներ զոհերի տարբեր թվեր են ներկայացնում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարածքը, որտեղ հետագայում որպես ապացույց նկարահանվել էին կադրեր` բազմաթիվ սպանվածների մարմիններով, «գտնվում է Աղդամ քաղաքից 3կմ  և Խոջալուից 11կմ հեռավորության վրա, և ընդհուպ մինչև 1993 թ. ամառը՝ Աղդամի անկումը, այդ տարածքը գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքը»:

Խոջալուի դեպքերը ներքաղաքական ճգնաժամի պատճառ էին դարձել Ադրբեջանում, որի հետևանքով Ադրբեջանի նախագահ Այաս Մութալիբովը հրաժարական էր տվել։ 

Մութալիբովը Խոջալուի դեպքերի մասին

Այաս Մութալիբովն իսկապես խոսել է Խոջալուի իրադարձությունների մասին 1992 թվականի ապրիլին՝ իր հրաժարականից 1 ամիս անց: 

Հարցազրույցը, սակայն, տպագրվել էր ոչ թե Аргументы и факты թերթում, ինչպես նշել է Փաշինյանը, այլ ռուսական Независимая газета-ում:

«Ես հումանիստ եմ, հոգով» վերնագրված հարցազրույցը վարել էր չեխ լրագրող Դանա Մազալովան, որն այդ ժամանակ ակտիվորեն լուսաբանում էր Ղարաբաղյան պատերազմը: 

Մազալովան հարցրել էր Ադրբեջանի նախկին նախագահից, թե ի՞նչ է վերջինս մտածում Խոջալուի դեպքերի մասին։ Մութաբիլովը, ի պատասխան, նշել էր, որ դեպքերը կազմակերպել էին իրեն պաշտոնից զրկելու համար:

«Ինչպես պատմում են այն խոջալուեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված է նրանում, որ հետագայում այդ կադրերը ներկայացնի Գերագույն խորհրդում և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա: Եթե ես ասեմ, որ սա ադրբեջանական ընդդիմության մեղքն էր, կարող են ասել, որ ես զրպարտում եմ նրանց: Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ, որ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց: Կամ ուղղակի պայմանավորվել, որ խաղաղ բնակիչները հեռանան: Նման բան հաճախ է տեղի ունենում»,- հարցազրույցում ասել էր Մութալիբովը:

Իր խոսքում Ադրբեջանի նախկին նախագահը նաև նշել էր, որ իրեն անընդհատ ասում էին, որ խոջալուեցիները դիմանում են, նրանց պետք է ապահովել մարդկանցով և մթերքով: Նա ընդգծել էր, որ այն պահին, երբ տեխնիկան շրջափակել էր Խոջալուն, պետք էր տարհանել բնակչությունը. «Նման հրահանգ ես տվել էի Շուշիում. տղամարդկանց թողնել, իսկ կանանց ու երեխաներին դուրս բերել: Սա նույնպես պատերազմի օրենք է: Իմ վարքը օբյեկտիվ էր և միանշանակ: Ես այդ հրահանգները տվել եմ, բայց թե ինչո՞ւ նրանց Խոջալուից դուրս չեն բերել՝ չգիտեմ»,- նշել էր Ադրբեջանի առաջին նախագահը: 

Ավելին՝ Մութալիբովը շեշտել էր, որ այդ ընթացքում խոսել է ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ. «Ես մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հետ՝ դուք սպանել եք հազարավոր մարդկանց, տվեք հնարավորություն դուրս բերելու նրանց դիակները: Սակայն նա պատասխանեց, որ ոչ մի դիակ էլ չպետք է լինի, սակայն նրանց մոտ կան մարդիկ, որոնք ապահովվում են սնունդով, թեև սնունդը չի բավականացնում, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»,- ասել էր Մութալիբովը: 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախկին նախագահի այս հայտարարությունները մեջբերվել էին 2010 թվականի մարտի 5-ին հրապարակված Независимая газета-ի՝ Խոջալուի թեմայով մեկ այլ հոդվածում («Խոջալու. ճշմարտություն և հորինվածքներ»)։

Դանա Մազալովան էլ 2017 թվականին Новое Время թերթին տված հարցազրույցում հաստատել էր, որ Մութալիբովն իր հետ զրույցում ասել է այդ խոսքերը. «Նա հնարավոր համարեց այն միտքը, որ այդ ամենն արել են ադրբեջանական ժողովրդական ճակատայինները, որպեսզի նրան՝ Մութալիբովին, հեռացնեն»,- ասել էր Մազալովան:

Նշենք, որ փետրվարի 15-ին Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը նույնպես անդրադարձել է Փաշինյանի պնդումներին՝ հերքելով դրանք. «Փաշինյանը ստում է: Ես երբեք չեմ ասել, որ Խոջալուի իրադարձությունները ադրբեջանցիներն են իրագործել: Ես ուրիշ բան եմ ասել. այն ժամանակվա ընդդիմության գործողությունների հետևանքով ներքին իրադրությունը երկրում լարված էր»,- նշել է նա: 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը ժամանակին հայտարարել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցի ընդդիմադիրները՝ նրան պաշտոնից հեռացնելու համար, համապատասխանում է իրականությանը:

www.fip,am