Լեւոն Զուրաբյան. կոալիցիոն համաձայնագիրը Սերժ Սարգսյանի հաղթանակն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

Լեւոն Զուրաբյան.  կոալիցիոն համաձայնագիրը Սերժ Սարգսյանի հաղթանակն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Լեւոն Զուրաբյան. կոալիցիոն համաձայնագիրը Սերժ Սարգսյանի հաղթանակն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

Իշխանական կոալիցիայի նոր հայտարարությունը եւ մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին որոշումը ընդդիմությունը համարում է Սերժ Սարգսյանի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Փետրվարի 17-ին տեղի է ուենցել ԲՀԿ նիստը, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ժամանակ որոշում է կայացվել գալիք նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում նշել է, որ հայտարարությամբ  արձանագրվել է ընդդիմության պայքարի հերթական պտուղները:

«Վարչախմբի տապալումների ֆոնին սկսվել է նրա երկու պարագլուխների, (Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին), միջեւ պայքար, այն բանի համար, թե ո՞վ պետք է լինի ռեժիմի նախագահության թեկնածուն ապագա ընտրություններում:

Ռոբերտ Քոչարյանը անհանգստացած է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, տապալում է ռեժիմի հաստատակամությունը պահելու գործը, ուստի փորձել է ԲՀԿ-ի միջոցով սկսել իշխանությանը վերադառնալու գործընթաց: Սակայն, Սերժ Սարգսյանին, որն այս պահին տիրապետում է իշխանության լծակներին, հաջողվել է պարտադրել ԲՀԿ-ին ստորագրել նոր կոալիցիոն հուշագիր, որը ըստ էության, ապահովում է ԲՀԿ-ի աջակցությունը այդ ընտրություններում եւ համապատասխանաբար ոչնչացնում է Քոչարյանի քաղաքական ծրագրերը»,- «Մեդիալաբին» ասել է Լեւոն Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողը սա շատ կարեւոր իրադարձություն է համարում, որը, ըստ նրա, «հստակեցրել է քաղաքական դաշտը»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հերքել է ճնշումների միջոցով հայտարարությունը ստորագրելու մասին խոսակցությունները: Իսկ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն ընտրություններից գրեթե երկու տարի առաջ անսպասելի հայտարարության ստորագրումը, որով կոալիցիան հայտարարել է նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու պատրասատակամության մասին, բացատրել է երկրի առաջ ծառացած բազում մարտահրավերներով:

© Medialab.am