No comment. Անդրիուս Բրոկասը խուսափում է խոսել Ադրբեջանի հետ ունեցած սերտ կապերի մասին

No comment. Անդրիուս Բրոկասը խուսափում է խոսել Ադրբեջանի հետ ունեցած  սերտ կապերի մասին
No comment. Անդրիուս Բրոկասը խուսափում է խոսել Ադրբեջանի հետ ունեցած սերտ կապերի մասին

Մարտի 10-ին Երեւանի Զվարթնոց օդանավակայանում միջազգային չորս լրագրողների մուտքի վիզա չտրամադրելու շուրջ թեեւ տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն ՀՀ պետական մարմինները, որոնք դեռեւս պաշտոնական հայտարարություններ չեն արել, պնդում են, որ պատճառը նրանց` Հայաստանի վարկանիշին վնաս հասցնելն ու Ադրբեջանամետ նյութեր պատրաստելն է եղել:

«Անկախ խմբի անդամներին մուտքի վիզա չտրամադրելու պատճառներից, հստակ է, որ նրանց նպատակը Հայաստանի վարկանիշին հարվածելն է եղել»,- «Մեդիալաբին» ասել է  ՀՀ Արտգործնախարարության աղբյուրը:

 

ՀՀ ԱԱԾ-ը չի մեկնաբանել տեղի ունեցածը` նշելով, թե մուտքի վիզա չտրամադրելը ենթակա չէ մեկնաբանությունների:

 

Հինգշաբթի` Լիտվայից, Ֆինլանդիայից եւ Էստոնիայից ժամանած լրագրողների խումբը մոտ քսան ժամ է անցկացրել Զվարթնոց օդակայանի տարանցիկ գոտում, ուր նրանց այդպես էլ մուտքի վիզաներ չեն տրամադրվել, ինչպես իրենք են պնդում «առանց բացատրությունների» եւ լրագրողները ստիպված են եղել հետ վերադառնալ:

 

Խմբի ղեկավար, պրոդյուսեր Անդրիուս Բրոկասն հայտարարել է, որ իրենք Հայաստան էին ժամանել Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:: Նրանց տարածած  հաղորդագրության մեջ ասվում է, որ  խումբը  մտադիր էր Հայաստանում հանդիպումներ ունենալ տարբեր պաշտոնյաների, ընդդիմության հետ, ինչպես նաեւ  ֆիլմ նկարահանել Խոջալուի դեպքերի մասին:

 

Ըստ հաղորդագրության, խմբի անդամներից մեկը` Թինա Մեդիսոնը կարծիք է հայտնել, որ նման խոչընդոտների պատճառ կարող են հանդիսանալ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ծրագրված հանդիպումը:

 

Սակայն, շատերին անտրամաբանական է թվում այս տարբերակը, քանի որ նույնիսկ վիճահարույց նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական դժվարին ժամանակաշրջանում, միջազգային լրագրողները առանց խոչընդոտների հարցազրույցներ էին վարում ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

 

«Նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու  մտադրություն ունեցել են:  Ինձ հետ կապվել է իրենց ներկայացուցիչը եւ ես ընդունել եմ ի գիտություն, բայց որեւէ հստակ պայմանավորվածություն  չի եղել»,- «Մեդիալաբին» ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:

 

Նախկին ԱԳՆ մամլո քարտուղար, ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը ասել է, որ ամեն դեպքում լրագրողներին մուտքի վիզա չտրամադրելը վնաս է Հայաստանին:

 

«Կարելի էր ընդունել, լսել եւ սեփական կարծիքն ասել նման աղմուկի փոխարեն»,- «Մեդիալաբին» ասել է Կարապետյանը:

 

Սակայն, ԱԳՆ աղբյուրները պնդում են, որ այս դեպքում դա անկիրառելի էր: «Մեդիալաբի» աղբյուրը հավատացնում է, որ Բրոկասը պաշտոնական լավ վճարվող  պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

 

«Դեռեւս օրեր առաջ մենք տեղյակ ենք եղել նրանց` Հայաստան ժամանելու  մասին: Բրոկասի խումբը լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի պաշտոնական օղակների հետ, ինչի մասին բազմիցս գրվել է մամուլում»,- «Մեդիալաբին» ասել է ԱԳՆ աղբյուրը,- «Այս անգամ նրանց բախտը ուղղակի չբերեց»:

 

Բրոկասն իր հերթին «Մեդիալաբի»  հետ ունեցած զրույցում խուսափել է ուղիղ պատասխաններ տալ արդյոք պայմանագրեր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

 

«Այս պահին ես թերեւս զերծ մնամ մեկնաբանություններից» ,-ասել է նա:

 

© Medialab.am